Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Հայի խանութը եթե ինձ կհարցնեք մեր ազգի համար այնպիսի պաշտոն է կատարել, որ կատարած չեն մինչև այժմս ոչ մեր ազգային եկեղեցին, ոչ ազգային դպրոցը, ոչ ազգային մամուլը և ոչ մեր ընկերական ժողովները: Հազարավոր և բյուրավոր անպիտան տղայք, որոնք մանկության օրերը ոչ աստված են ճանաչել, ոչ որդիական հնազանդություն են սովորել դեպի ծնողքը հայրական կտրի տակ, ոչ գիր-կարդում են սովորել դպրոցներումը և ոչ մարդավարության են ընտելացել իրենց ծանոթ-բարեկամների մեջ, երբ մտել են խանութ` գրեթե առաջին օրեն նրանց վրա աստուծո պատկեր է եղել: Ես չգիտեմ, խանութատերները իրենց հարազատ որդոց վրա ունեցե՞լ են արդյոք փրկավետ ազդեցություն, բայց այդ ճիշտ գիտեմ, որ նրանք օտարի զավակների համար եղել են հրեշտակ պահապան: Մեր խանութպանների այս մեծ երախտիքը ուրանալ չի կարելի: Ես չեմ ասում, որ սրանք իրենց ծառաներին այնպես դաստիարակում և կրթում են ինչպես, օրինակ, դաստիարակում և կրթում են երեխայք անգլիական և գերմանական բարեկարգ դպրոցների մեջ. բայց այն կարող եմ ասել, որ եթե հայը ունի մի փոքր ժամասիրություն, գիտե մի փոքր գրել-կարդալ, ունի մի փոքր ազգության գաղափար, փոքր ի շատե ապրուստի ապահովություն, միով բանիվ` այն հատկությունները որ համառոտապես քաղաքացիություն է ասվում` հայը ստացել է այս խանութի մեջ, որն մեր օրերումը շատ անգամ մեր թեթևամիտ հեղինակների բամբասանքի տակն է ընկել:

Բայց վա՛յ, ավա՛ղ ու եղո՛ւկ, մեր Մինասը հայի խանութների մեջ ևս չթողեց իր ստահակությունները, ինչպես որ թողած չէր այն ո՛չ հայրական տան և ո՛չ տիրացուների դպրոցներումը: Ներողամիտ ընթերցողը հետևյալ տողերես կտեսնե, որ ասածներս ճշմարիտ են:

Չորս ամիս մնաց Մինասը մանրավաճառի խանութը մի փոքր գրել կարդալ սովորեցավ. բայց երկարատև չի կեցավ այնտեղ: Ամեն օր խանութը փակելուց հետո, գրպանները լցրած տուն էր գնում. երբեմն տանում էր բրինձ, երբեմն չամիչ, շատ անգամ կաղին և ընկույզ, ուրիշ անգամ զանազան բաներ, երբեմն էլ չայ ու շաքար. մեկ խոսքով` նրա այրի մոր համար ապրուստի հորդահոս աղբյուր էր բացվել այդ չորս ամիսը: Թեև առաջին անգամ աղքատ կնիկը մի փոքր վախեցավ գողությունը բացվելուց, մի փոքր էլ դժոխքի արհավիրքը հեռվից սպառնացավ նրան, մի փոքր էլ խղճմտանքի ձայնը կամացուկ ծվաց նրա մեջ, բայց այդ ամեն «նախապաշարմունքները» շուտ փարատվեցավ նրա սրտեն, երբ Մինասը հավատացուց նրան, որ ոչ ոք չտեսավ և խանութատերը ամենևին բան չի կասկածում: Այնուամենայնիվ, համեղ ապրանքները որդու ձեռքեն առնելիս, բարեսիրտ մայրը միշտ ասում էր նրան` «ի սեր աստուծո, Մինաս ջան, զգույշ եղիր, մարդ չտեսնի, եթե ոչ` հարևանների առջև կխայտառակվենք»: Երբ իմանում էր թե` բրինձի, քիշմիշի, շաքարի, և այլն, և այլն, գողությունը մարդ իմացած չէ` իսկույն հանգստանում էր, և իր աշխատավոր որդու համար կամ եղալի ղաբլու-փլավ էր եփում, կամ ճուտով բորանի, կամ չըխըրթմա և կամ սրան նման մի անուշ կերակուր: Ժամանակից ժամանակ (դուք հասկացեք գոնե շաբաթը երկու անգամ) դախլից Մինասը կամացուկ թռցնում էր երեսուն, քառասուն, հիսուն կոպեկ և երբեմն մանեթ էլ: Միով բանիվ մանրավաճառի խանութ մտած օրից աստուծո առատությունը լայն հոսանքով սկսավ թափելու այրիի խրճիթը: Չորս ամիս այսպես շարունակվելուց հետո, վերջապես «մախաթը պարկից դուրս ցցվեցավ», այսինքն խանութպանը բռնեց Մինասի գողությունը, մի լավ քոթկեց ու մեծ խայտառակությունով դուրս ձգեց խանութից:

Դրանից հետո Մինասը քանի քանի անգամ մտավ երբեմն կաշեվաճառի, երբեմն գինեվաճառի, երբեմն գրավաճառի, կոշկակարի, դերձակի, հացագործի, մի անգամ էլ ջրկիրի մոտ. բայց ամեն տեղից շուտ արտաքսվում էր գողության կամ մեկ ուրիշ անառակ գործի համար: Արդեն քաղաքի մեջ ամենքը զգուշանում էին նրանից, ոչ ոք ո՛չ թե խանութ կամ արհեստանոց չէր ընդունում նրան, այլ մինչև անգամ շուկայի միջից անցնելիս գեղերից ապրանք բերողներն երկու աչքերը չորս էին անում, որ Մինասը մեկ հնարով չթռցնե նրանից հավ, պանիր, ձմերուկ կամ մի ուրիշ ուտելու պաշար:

Այսպես մեր Մինասը բավականին ժամանակ անգործ մնաց իր մայրենի քաղաքի մեջ: Նրա մայրը, քանի որ միտք էր բերում ղաբլու-փլավի, բորանիի ու չըխըրթմի համը` ծանր ծանր հառաչում էր անուշ պատառների տեղ թուքն էր կուլ տալիս: Տեսնելով որ իր մայրենի քաղաքի մեջ անգործ մնալով ոչինչ չի գոյանալ, Մինասը ստիպված եղավ հեռավոր օտար տեղ երթալ և այնտեղ մի անծանոթ և միամիտ հայի խանութ մտավ: Ինչպես որ գայլը, որ ուր էլ երթա` իր ատամները հետն է տանում, այնպես էլ Մինասը իր վատ սովորությունները չմոռանալով, քանի քանի անգամ գողություն արավ, բայց վերջապես բռնվեցավ ու մեծ խայտառակությունով արտաքսվեցավ խանութից: Հետո արդեն բան ու գործ էր արել երբեմն մտնել մինի մյուսի մոտ, մի քանի օր կամ շաբաթ մնալ, դուրս գալ կամ դուրս ձգվիլ, քանի մի ամիս անգործ մնալ մոր մոտ, նորից տեղ մտնել և նորից դուրս ձգվել:

Նորից սկսվեցավ մոր գանգատները, անեծքները, և վայ վագլախը, թե աստված նրան միայն պատուհասելու համար տվել է այսպիսի անառակ որդի: Նորից հարևան կնանիք ժողովեցան և սկսան իրենց կարծիքները հայտնելու և խրատներ տալու թե` ուրիշ ի՛նչ պետք է անել:

Այդ միջոցին Մինասը արդեն տասնվեց տարեկան պատանի էր. և մի փոքր էլ հմտացել էր կարդալ գրելումը:

Այրին կնքահայր ուներ, որ նույն քաղաքի եկեղեցիներից մինի երեցփոխանն էր, որն բացի այդ պաշտոնեն ուներ նաև մի խանութ: Այրին գնաց այդ կնքահոր տուն ու լալով, արտասուքով խնդրեց, որ որդուն իր խանութն առնու, գանգատեցավ, որ Մինասը տասնվեց տարեկան է (այդ հասակում, հայ պատանին արդեն ծնողական տունն է կառավարում և քույրերին է մարդու տալիս) ոչ միայն ոչնչով չի օգնում, այլև ինքը նրա վրա ծանր բեռ է դարձել: Եվ շատ այսպիսի գանգատներ արավ նրան Մինասեն:

Կնքահայրը պատասխանեց` «Ես քու գող, ավազակ, փուճ որդուն իմ խանութը չեմ մտցնիլ երկու պատճառով, նախ որ` ինձ կկողոպտե և երկրորդ` խանութիս ու առևտուրիս անունը կկոտրե: Բայց եթե կհոժարիս, ես թույլ կտամ նրան իմ ժամի մեջ սպասավորություն անելու»:

Մի՞թե իմ որդին կարող է ժամի մեջ սպասավորություն անել, պատասխանեց այրին զարմացած. նա հազիվհազ կարդալ է իմանում. իսկ գրածը էլ մի՛ հարցնիլ, ասես թե ճանճը թանաքոտ ոտերով թղթի վրա ման է եկել:

«Վնաս չունի, — պատասխանեց կնքահայրը, էդպես շատ փուճերը կան իմ ժամի մեջ. մինն էլ որ նրանց վրա ավելանա` ժամից բան չի պակասիլ: Եթե այդպես անպիտաններին էլ տիրացու ու տերտեր չանես` ապա ո՞ւր կախես նրան»:

Մյուս օրվանից մեր փուճ-կենդանի Մինասը մտավ ի շարս հայոց հոգևորականաց և եղավ մոնթ:

Լսած կա՞ք եկեղեցիի մեջ տղայոց փոխ առածը, ուր տառերը շատ վատ են արտասանվում (տնօրինությունանօրենություն, տղաաղա), խոսքերը իրար հետ կապ չունին, ու բոլոր կարդացածից բան չի հասկացվում: Այսպես էր մեր մոնթ Մինասի փոխ ասելը կամ ատենին կարդալը:

Լսած կա՞ք, երբ շարականները երգում են անհամ եղանակով, ականջ խլացնող ձայնով, երբ մարդս ուզում է դուրս փախչել ժամից ու միանգամ չգալ: Այսպես էր մոնթ Մինասի եկեղեցվո մեջ երգեցողությունը:

Տեսած կա՞ք, երբ ժամի մեջ ժողովրդին մղելով, պինդ պինդ կանչելով, լիրբ լիրբ ժպտալով, հազար կերպ անպարկեշտ վարվելով մանր տիրացուները ու խոշոր տղայքը, ձեռքերը պղնձե կամ փայտե սկուտեղներ (դաբախ) բռնած` փող են հավաքում Էջմիածնա կամ Երուսաղեմի, կամ սուրբ Կարապետի համար, երբ համոզված եք, որ այդ աղքատի լումաների մեծագույն մասը պիտի թռչե երթա մանացնողի գրպանը: Այսպես էր մեր մոնթ Մինասի կողմնակի արդյունքը:

Տեսած կա՞ք, երբ ժամի դռանը մատաղ նվիրելիս հանկարծ ամբողջ ոչխարի կեսը աներևութանում է և նրա մորթը կախած է լինում քաղաքի հեռավոր թաղի մեջ գտնված պատերից մինի վրա չորանալու: Այսպես էր մոնթ Մինասի ծառայությունը հայոց եկեղեցվո մեջ:

Տեսած կա՞ք... Է՛հ, էլ ո՞րն ասեմ. հայոց ժողովուրդը, որ իր հոգևորականների ձեռքից այրվել խորովվել է, իր հարազատ եկեղեցիից սառել, զզվել, ձանձրացել է, իր հոգու փրկությունից թերահավատվել է, իր եկեղեցիների ուղղվելու, բարվոքելու մեջ հուսահատվել է, և եթե մի բարակ թելով տակավին կապված է նրա հետ` սրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ ամոթ իր հարևանիցապա թե ոչ` նա վաղուց հրաժարվելով պիտի հրաժարվերԱյս ամենի պատճառը է և պիտի լինի Մինասների և նրա նմանների հայոց եկեղեցվո մեջ պաշտոն վարելը

Նշխարք շինելիս` մեկ կամ երկու ֆունտ ալյուր տուն տանել, պատրաստած նշխարքը գողանալ ուտել և կամ մեկ բանի հետ փոխել, զատկի տոնին քահանայի հետ խաչ ու ավետարանով տնե տուն ման գալ, ներկած ձուեր կամ եղոտ բլիթներ հավաքել, ծննդյան տոնին «այսօր տոնե»-ի ման գալ, փող ու չոր միրգ հավաքել, գերեզման օրհնելիս` գինի ու արաղ (օղի) կոնծել, շահիներ հավաքել, խունկ ու մոմ գրպանը դնել, քելեխի (հոգոցհաց) ժամանակ ագահաբար ուտել (խժռել) հարիսա և ուրիշ կերակուրներ և մեկ մասն էլ ամաններով տուն տանել. մեռելի կողոպուտը կռիվ-ղալմաղալով ստանալ մեռելատերից և կապոց-կապոց տուն տանել, միով բանիվ այնպես վարվել, իբր թե բարեպաշտ ժողովրդի տունը համարել մեկ հաղթված թշնամի քաղաք, որն զորապետի հրամանով թույլ տված է թալանելու: Այս ամենը այնպիսի գրավիչ բաներ էին մոնթ Մինասի համար, որ նա զարմանում էր թե` ինչո՞ւ այս խելքը վաղուց չէր եկել նրա վրա և նա փոխանակ դպրոցներ և խանութներ մտնել և աքսորվելու, անհապաղ եկեղեցի չի մտել, ուր կարողանում է անպատիժ անել այն, ինչու համար նրա վարժապետները և խանութպանները չարաչար պատուհասում էին:

Մինասի եկեղեցի մտած օրից նրա անմխիթար մայրը մեկ մեկ ազատ շունչ քաշեց և նրա բերանը կուշտ հացի երես տեսավ և չգիտեր ի՛նչպես հայտներ աստծո իր երախտագետ սրտի զգացմունքը: Մանր փող` կոպեկներ, շահիներ, աբասանոցներ միշտ անպակաս էին նրա պահարանի մեջ, որն «հիշելիքի գանձանակը» ամեն շաբաթ օր, կիրակի և տոներին հայթայթում էր նրա Մինասը: Եթե մարդ էր մեռնում` մեռելի հալավները դիզադեզ թափվում էր նրա տունը. եթե ժամի դրանը մատաղ էր լինում` ոչխարի լավ մասից քանի քանի գրվանքա հայտնվում էին նրա խոհանոցումը, բացի եփած պատրաստած մատաղի խոշոր կտորներից. եթե զատիկ էր լինում` նրա տան մեջ հազարներով ներկած ձուեր էին գլորվում գալիս. գաթա, հարիսա, զերտե, կորկոտ և այլն գրեթե շաբաթը մի անգամ անպատճառ հայտնվում էին նրա սեղանի վրա. գինին ևս անպակաս էր, վասնզի ամեն բարեպաշտ մարդ ցանկանում էր, որ իր այգիի կամ մառանի պատվական գինիով, որից անշուշտ, ուղարկում էր եկեղեցին երկու-երեք շիշ:

Վրա անցավ երեք տարի: Մեր չքավոր այրին վաղուց դադարել էր իր գանգատներեն և տրտունջներեն: Որդու ստահակությունները թեև վերջացած չէին, բայց նրա համար ո՛չ ծեծում էին նրան և ո՛չ խայտառակում, այլ մի փոքր տրտնջում էր ժողովուրդը, այն էլ ո՛չ ուղղակի Մինասի, այլ ընդհանրապես բոլոր հոգևորականոց վրա. իհարկե, ամենից առաջ Սուրբ Աթոռի հոգևորականների վրա. որին համարում էին դրդիչ և սկզբնապատճառ հայ եկեղեցականների խառնագնաց վարքին. իսկ Մինասները և նրա նմանները լռելյայն ապրում էին սուրբ Էջմիածնա հովանավորության ներքո:

Մինասը արդեն տասնինը տարեկան սև մրքով, թավ ունքերով, ցուլի նման աչքերը արյուն կոխած պատանի էր. վիզը հաստփորը միշտ տկռած, թշերը գերությունից ու մսոտությունից ասես թե տրաքել էին ուզում: Մայրը նայում էր իր սիրական Մինասի վրա և մտքի մեջ ասում էր` «ժամանակը արդեն հասել է սրան մի առողջ կնիկ ճարելու, թե չէ Մարիամ, Նինո, Զապել այրիների մոտ շուտ-շուտ ելումուտ է անում. վախենում եմ մի օր կխայտառակվի»...

Այս հոգսերի մեջ էր այրին և ուզում էր իր սիրեկան Մինասի ամուսնության համար խորհրդակցել կնքահոր հետ, հանկարծ ներս մտավ մի ծառա և ասաց որ` կնքահայրը ուզում է նրա հետ մի հարկավոր բան խոսել: Այրին անհապաղ գնաց կնքահոր տուն և նրանց մեջ տեղի ունեցավ այս խոսակցությունը:

Սանամայր` ես քեզ վաղուց մի բան ուզում էի հայտնել, բայց հարմար ժամանակ չէի գտնում: Ասա, խնդրեմ, քանի՞ տարեկան է Մինասդ:

Արդեն տասնինը լրացավ, քսան մտավ: Ի՞նչ է, բա՞ն ունիս ասելու:

Ասելու բանս այս է` մինչև ե՞րբ նա մոնթ պիտի մնա. ժամանակ չէ՞ նրան նախ սարկավագ և ապա տերտեր ձեռնադրելու...

Ո՛ւր է, եթե այդպես մի լավ բան լիներ. իր բախտից ո՞վ կփախչի...

Բայց դու գիտե՞ս, որ սարկավագ ձեռնադրելիս առաջ պետք է որդիդ տնավորվի. մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի օրենքով` եթե տղան կին չունի` նրան սարկավագ չեն անիլ...

Ես էլ այդ մասին վաղուց մաշվում եմ, բայց ինչ անեմ, ինքս էլ չգիտեմ...

Թե որ այդպես է, ուրեմն քու որդու հոգսը ես կհոգամ, մի անգամ արդեն սկսել եմ նրան հովանավորելու, պետք է որ բարերարությունս մինչև վերջը հասցնեմ...

Վերը աստված, վարը դու, ինչպես գիտես այնպես արա, ես մեկ քամբախտ, հիմար կնիկ եմ, իմ խելքը ի՞նչ կարող է կտրել, դու մեր տերն ես, մեր հերն ես, ինչպես որ կասես` այնպես էլ թող լինի...

Շատ լավ ես ասում, սանամեր. դու լսե՞լ ես, մեկ խոսք կա, որ ասում է` «Որ խոնարհեցուցանե զանձն իւր` բարձրասցի»: Այդ խոնարհությանդ և հնազանդությանդ համար ես էլ ուզում եմ քեզ ու քու որդուդ բախտավորացնել: Դեհ գնա հարսիդ համար մեկ սիրուն մատանի պատրաստե. այսօր որդուդ նշանտուքը կլինի:

Խեղճ այրին սրտի ուրախությունից երկինք կթռչեր, եթե... թևեր ունենար, և քաշվելով կմկմալով, կակազելով հարցուց կնքահորը.

Կարո՞ղ եմ արդյոք իմանալ` ո՞վ է իմ հարսնացուն:

Բիձուս (հորեղբորս) աղջիկը` Գոհարը, — պատասխանեց կնքահայրը:

Ասես թե մի կարաս սառը ջուր թափեցին խեղճ այրի կնոջ գլխին:

Գոհա՞րը, ասաց նա զարմացած ու սարսափած: Բաս Գոհարի համար ասում են թե` երկու տարիից քառասուն տարեկան կլինի. աչքերը ասում են, շիլ է. աջ ոտն էլ ձախից կարճ է. բերանն էլ ասում են

Դատա՛րկ խոսքեր են, հարևանի բամբասանքներ են, ասաց կնքահայրը բարկացած:

Այրին կամացուկ կուլ տվեց իր արտասուքն ու տրտունջը, ու նույն երեկոյին կատարվեցավ Մինասի նշանտուքը: Մի ամսից պսակվեցավ նա երեսունութամյա անարատ կուսի վրա և երկու ամսից ձեռնադրվեցավ սարկավագ:

Կնքահայրը, ինչպես որ շատ ուրիշ, այնպես էլ այս գործի մեջ վարվեցավ ինչպես վայել էր խոհեմ վաճառականին, որն առանց հաշվի ու շահի ոչ մի քայլափոխ չի անում: Նրա հաշիվը այսպես էր. Գոհարը լինելով նրա ազգականը, քանի որ տունը մնացած աղջիկ էր` անտանելի բեռ և խղճի խայթ էր մեր հոգեսեր երեցփոխանի համար. խոհեմությունը պահանջում էր որ նա մեկ հնարով իր օձիքից թափ տար նրան, որ հարևանների կասեկոսեից ազատվեր: Գոհարի տարիքի ու մարմնի պակասություններին նայելով, փեսաները զանազան քանակի օժտադրամներ էին պահանջումո՛րը ութ հազար, ո՛րը հինգ և ո՛րը չորս. ամենաքնծռոտ փեսան երեք հազարից վայր չէր իջնում: «Աստվածդ կսիրես, միտք էին անում փեսաները. պաս ուտինք պաս ուտինք` էն էլ թան ու սպաս ուտինք», այսինքն մի պառավ, շիլ, կաղ և բերանը... հարս առանց փողի, կամ քիչ փողով առնո՞ւնք. էդ էլ խոմ սուրբ Կարապետ գնալ չէ, որ ուխտերս ընդունական լինի»: Այսպես էին դատում Գոհարի փեսացուները:

Բայց մեր երեցփոխան-աղայի հաշիվները ուրիշ էին. — նրան շատ ծանր էր երեք հազարից բաժանվելը. և, վերջապես ինչո՞ւ երեք հազար պիտի տար այն բանի համար, որն կարող էր երեք հարյուրով գլուխ բերելու:

Վրա վեց ամիս չանցած, Մինաս սարկավագը գնաց մի թեմական եպիսկոպոսի մոտ և ձեռքը համբուրելով, տվեց նրան երեցփոխանից մի նամակ, որի ծրարի ստորին կողմը այսպես էր գրված. «Ներփակյալ երեք հարյուր ռուբլի և այլն, և այլն»:

Եպիսկոպոսը սկսավ քննելու Մինաս սարկավագին:

Քանի՞ աստված կա:

Երեք աստված կա` հայր որդի և հոգի սուրբ. և մի հատ էլ աստվածածին:

Հայոց եկեղեցին քանի՞ խորհուրդ է ընդունում:

Եկեղեցիի քանի խորհուրդ ընդունածը չգիտեմ, բայց եկեղեցվո խորհուրդները դրանք են` երեխա մկրտել, տղոցկանի տունը փարատել, պսակ կատարել, մեռել թաղել, տարին երկու անգամ տնօրհնեք քալել, ժողովրդին տոնի օրը շնորհավորել, գերեզման օրհնել, թաթավ (անձրև) չեկած տարին` չոք կատարել. մեկ խոսքով այն ծեսերը, որոնց համար ժողովուրդը շահում է իր ծխատերին: Հա, մոռացա ասելու` ատեն-ատեն ալ հիվանդին վրա նարեկ կամ ավետարան կարդալ:

Հայոց եկեղեցին ո՞ր սուրբ նահատակներին է տոնում:

Հայի սուրբ նահատակները դրանք են` սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Թորոս, սուրբ Գևորգ, սուրբ Գալուստ, սուրբ Համբարձում, սուրբ Խաչ, սուրբ Հրեշտակապետ, սուրբ Հարություն, սուրբ Մկրտիչ, սուրբ Կարապետ, սուրբ Խոր-վիրապ: Ան մեկալ սուրբերը` Արամ, Արշակ, Գագիկ, Աշոտ, Սմբատ, Տիգրան, Սենեքերիման պոշ սուրբեր են, նրանց ո՛չ տեր-Աբրահամյանի օրացույցը կընդունե և ո՛չ քահանաները տոնշնորհավոր կքալեն:

Շատ ժամանակ չանցած` բոլոր քաղաքի մեջ անպիտան, անընդունակ, վնասակար-սրիկա ճանաչած երիտասարդը դարձավ հայոց քահանա: Քրիստոսի բանվոր հոտի հովիվը և աստվածորդու տեսանելի պատկերը նրա հետևողաց աչքում` ի փառս սուրբ Էջմիածնի և ի մխիթարություն հայ ժողովրդի:

Ես իմ պատմությունս գրեթե ավարտեցի: Ներողամիտ ընթերցողը առանց իմ ասելու էլ կարող է եզրակացնել թե` մի ժամանակվա ստահակ, սրիկա Մինասը, այժմ տեր-Մինաս դարձած` ի՛նչ սխրագործություններ պիտի կատարե ժողովրդիս մեջ, ո՛րքան մարդիկ պիտի թերահավատացնե, ո՛րքան անդորր ընտանիքի մեջ շփոթ և աղմուկ պիտի մտցնե: Ամեն հայաբնակ քաղաք և գրեթե ամեն հայ եկեղեցի ունի իր սեփական տեր-Մինասը: Իսկ մեր տեր-Մինասը, չորս տարի մնալով իր ծնած քաղաքի մեջ, ետևեն այս հիշատակները թողեց:

Ամբողջ չորս տարի հայոց լեզվի և հայոց կրոնի դասատու էր տղայոց և օրիորդաց վարժարանների մեջ. այսինքն` հընթացս չորս տարվան նրա ձեռքի տակ մեծանալով ավելի քան թե հազար հայ մանկունք, զուրկ մնացին հայոց լեզվի և կրոնի գիտութենեն, վասնզի ի՞նչ պիտի սովորեցներ նա, եթե ինքը ոչինչ սովորած չէր և ոչինչ չգիտեր (վասնզի ժողովուրդ մոլորեցնելը, փորը պարարելը, փողի ագահելը, պաշտոնակիցներին դավաճանելը, մատնություններ անելը և ուրիշներին էլ դեպի այդ դրդելը խո գիտություն չէ): Եվ, վերջապես, այն վրդովմունքներով, որով նա զբաղված էր` ամբողջ քաղաքը տակուվրա անելով, ունե՞ր նա ժամանակ կամ ձեռքը գիրք առնելու և կամ ուրիշին կարդացնելու:

Թեև նա դասատվության կողմանե բոլորովին անօգուտ էր ժողովրդին, բայց տեղական առաջնորդեն և նրա հաջորդեն խաչ, ծաղկյա փիլոն և կամիլավքա պահանջողներից առաջավորն էր: Տեր Մինասին անհայտ չէին այն հնարները, որոնք ստիպում էին մի քանի արժանավոր քաղաքացիներին նրա համար բարեխոսելու և միջնորդելու ևս:

Չգիտեմ` ի՛նչ հնարներ գործ դրեց տեր-Մինասը, որ հավատացուց իր մեծավորին, թե ինքը շատ ազգասեր և գիտնական անձն է, և հոգվով սրտով անձնատուր էր ազգիս նյութական և հոգևոր զարգացմանը, և այդ պատճառով նշանակվեցավ տեսուչ շրջակա գյուղօրեից դպրոցներուն: Այս նոր պաշտոնը ստանալով, նրա տնից արդեն գյուղական առատությունները` ոչխար, կովի խայմախ, մածուն, պանիր, կաթ, ցորեն, հավ-ճիվ, և այլն, և այլն անպակաս էին:

Յուր կնոջ պառավությունը և յուր քաջառողջ կազմվածքը նրան ներելի համարեց նաև... բայց նրա այս արարքի վրա ստվար քող ձգենք, խնայելով կարդացողի պարկեշտությունը: Գարշելի խոցերը ցույց տալը ոչինչ օգուտ չունի, եթե նրանք անբուժելի են: Տեր-Մինասի պես անբարոյական մարդիկ երբեք չեն ուղղվիլ` թեկուզ խոսքով մտրակե, թեկուզ իսկական մտրակով: Այդ տեսակի մարդիկ ամենից առաջ անամոթ, լիրբ և հանդուգն են լինում և այդ հատկությունները միամիտ ժողովուրդը համոզման և քաջասրտության տեղ է ընդունում: Ի՞նչ պետք է անել տեր-մինասներին. չգիտեմ, միայն այս գիտեմ, որ եթե հանցանքը անուղղելի է, հանցավորին առ միշտ պիտի աքսորել Սևան, ո՛չ, նրա համար, որ այնտեղ ուղղվի, ոչ. այլ որ ժողովուրդը ազատվի նրանից: Առյուծին, վագրին ինչո՞ւ գառագեղի մեջ են փակումուղղվելո՞ւ:

Ասում են թե` նա շատ անգամ կնունքե, հարսանիքե, թաղումե, հոգու հացե (քելեխ), տոնշնորհավորե, տնօրհնեքե, և այլն, և այլն, հարբած վերադառնալով գրեթե միշտ ծեծում էր իր հիվանդոտ կնկան, որ չորս տարի նրա ձեռքից նահատակության ամեն նուրբ լլկանքը կրելով, վերջապես մեռավ, և այն ժամանակ տեր-Մինասը իր բարքի տեր մարդոց կարծիքով մի տեսակ արտոնություն ստացավ առավել ապերասան վարք ունենալու, քան թե իր կնոջ կենդանության միջոցին: Արդեն նա չէր շատանում աղախիններով և այրիներով. այլ աչքը առավել անուշահամ պատառների վրա էր ձգում... Այն ժամանակ քաղաքի աղաները ոտքի ելան և ուզում էին մի մանսար սարքելու և Էջմիածին ուղարկելու, որ տեր-Մինասին Սևան աքսորել տան. բայց նրա բարեկամները (դուք կարծում եք թե` տեր-Մինասի պես մարդիկ բարեկամներ չե՞ն ունենում, ավա՛ղ. դուք սաստիկ սխալվում եք) խորհուրդ տվին յուրակամ չվել դեպի Էջմիածին և կուսակրոն վիճակ ընդունել: Նա այդպես էլ արավ:

Էջմիածնի մեջ անպիտան հոգևորական չիկա. ամենքի համար այնտեղ պաշտոն կգտնվի. եթե վարդապետը գիտնական է` գրագիր կանեն, եթե շատախոս է` քարոզիչ կկարգեն. եթե լռակյաց է` Սինոդի անդամ կընտրեն. եթե վիճասեր կամ կռվասեր է` կուղարկեն աթոռապատկան հողեր հետ առնելու նրա սուտ տերերից. եթե հեզահոգի է` հյուրընկալկանեն: Եթե... է՛հ, ո՛ր մինը ասեմ մեկ խոսքով` Էջմիածնի մեջ ոչ ոք անպիտան անօգուտ չէ (բայց եթե Էջմիածնի մեջ ևս մարդ պիտանացու չլինի, չգիտեմ, ո՛ր կոյանոց պիտի ձգել նրան), անպատճառ մեկ բանի պետք կուգա: Մեր տեր-Մինասին նախ աբեղայական կարգ տվին և ապա մածնատան վրա տեսուչ կարգեցին, ուր կա 75-100 կով ու 7-10 կնանիք: Առաջինները կաթ պիտի տան և երկրորդները այդ կաթից յուղ, պանիր և մածուն պիտի պատրաստեն Էջմիածնի սեղանատան և Վաղարշապատի ամոթխած խաթունների համար:

Հինգ տարիից մեր Մինաս վարժապետը աստծու ողորմությամբ և իր աչքաբացությամբ երեք հազար ռուբլու տեր եղավ: Երբ այս լուրը հասավ մի սպասավորի ականջ, որ մի նշանավոր անձի մոտ զանազան անորոշ ծառայություն էր անում, իսկույն սկսավ խնամախոսություն անել` չէ՞ կամենում արդյոք հայր սուրբը իր վարդապետական աստիճանը եպիսկոպոսականի դարձնել:

Հենց որ Մինաս վարդապետը եպիսկոպոս ձեռնադրվեցավ, քանի մի ամսից բոթ (թե ավետիք) տարածվեցավ, որ կաթողիկոսը մեռել է: Հայաստանի բոլոր եպիսկոպոսունք պեսպես հույսերով լըցվեցան` մի օր իրենց սրբոց Թադևոսի, Բարդողիմեոսի և Գրիգոր Լուսավորչի աթոռի վրա բազմած տեսնելու:

Այդ ցնորքները մեր Մինաս եպիսկոպոսի մտքովն ևս անցավ: Կլինի կաթողիկոս կամ ո՛չ չգիտեմ, բայց այն հավաստի գիտեմ, որ նա այսօր չէ վաղը կստանա առաջնորդական թեմ, և կսկսե հովվելու արդեն ոչ թե մի ծուխ կամ թե կառավարել մի եկեղեցի, այլ ըստ կամս իր աջ ու ձախ պտույտ տալ տասնյակ քաղաքներ ու գյուղեր, հարյուրավոր եկեղեցիներ ու դպրոցներ ու բյուրավոր ժողովրդականք և մանավանդ նրանց զավականց` մեր ազգի ապագա հույսը...

Ես խոսքս վերջացրի:

Ներկա տարվույս մայիսի 1-ին (այսպես է սրբազնագույն Սինհոդոսի հրամանը) պիտի ընտրվի Էջմիածնա մեջ ամենայն Հայոց կաթողիկոս: Ո՛վ կլինի այդ կաթողիկոսը` ես չգիտեմ (բայց ասում են թե` գիտցողներ արդեն կան) ո՛վ էլ լինի, աստված շնորհավոր անե նրա ընտրությունը:

Երբ այդ ցանկալի ընտրությունը կվերջանա, երբ նորընտիր կաթողիկոսի լսելիքը կհոգնին նրան շրջապատող մարդոց կեղծի բարեմաղթություններեն և ստորաքարշ շողոքորթություններեն, երբ վրա քանի-քանի ամիսներ կանցնին և նա կառաջանա կամ իր Վեհարանի կամ Բյուրականի ամարանոցին մեջ, այն ժամանակ նա թող մի թեթև հայացք ձգե իմ այս երկտող խոնարհ աղերսագրույս վրա: Ես այդ նորընտիր կաթողիկոսեն շատ ու մեծամեծ սխրագործություններ չեմ պահանջում, չեմ պահանջում նաև նորամեն «Հայոց եկեղեցվո կերպարանափոխությունը ոտից մինչև գլուխ». չեմ պահանջում անուն անմահացնող և հռչակի փայլ տվող կոթողներ, արձաններ և արձանագրություններ, այդ ամենը չեմ պահանջում նրանից, վասնզի նրանց մեջ ազգիս համար մեկ առանձին օգուտ չեմ տեսնում: Ես կխնդրեմ մի փոքրիկ բան և այդ փոքրիկ բանը այս է. նախ` մեր ծուխերը ազատեր` տեր-Մինասներե և հետո ապագայումը տեր-Մինասներ չշատացներ հայ ժողովրդի մեջ: Տեր-Մինասներն են, որ քայքայեցին մեր խեղճ Էջմիածնի հիմվանքը, տեր-Մինասներն են, որ 30 միլիոնյա հզոր ազգը 31/2 խեղճ ժողովրդի դարձուցին: Եթե չերքեզները և քրդերը ռանդեցին հայի ժամերի և տների պատերը, տեր-Մինասները հիմնահատակ արին բոլոր Հայաստանի տաճարները, թագավորական գահույքը և անհամար մարդոց բարեկեցությունը: Հիշենք միայն տեր-Կիրակոսին և Նիկոլ հայր սուրբին:

Վեհափառ տեր` ազատե՛ ազգս տեր-Մինասներե, և քու անունը օրհնած, գոված և փառաբանած կլինի:

1861

ԹՈՄԱՍ ԲՈՑԱՐԻՍ

(ՃՇԳՐԻՏ ԱՆՑՔ)

Տասնևհինգերորդ դարուն, երբ որ տաճիկները արդեն տիրել էին Հունաց կայսրության մեծ մասին և սպառնում էին վերջին հարվածը տալ Ստամբոլին, հունական Արքիպողագոսի մանր Կղզիներից մեկի վրա հետագա անցքը կատարվեցավ:

Մի հույն քահանա մասնատուփը բռնած, հանգստյան աղոթքներ կարդալով, անցնում էր մի փոքրիկ քաղաքի աղքատ փողոցի միջով: Անցնող դարձողքը բարեպաշտությամբ գդակները հանելով` մոտենում էին նրա աջը համբուրելու: Հետո քահանան կանգ առավ մի գծուծ տան առջև, դուռ բացվեցավ և նա ներս մտավ, և մի քանի աստվածապաշտ մարդիկ գնացին նորա հետևից: Նոցա մտած սենյակը փոքրիկ էր, միջի կահ կարասիքը հին և մաշած, որ հայտնի նշանակ էր բնակողների չքավորությանը: Հին մահճի վրա պառկած էր մի հիվանդ կնիկ, որին արդեն պատրաստ էր մահը խլելու. այնպես ուժգին տպավորված էր մահու տագնապը նորա կապուտկած երեսի վրա: Երբ որ քահանան մոտեցավ նորան, որ նորա վրա կատարե վերջին ծեսը, այսինքն` այն ծեսը, որ այս ժամանակավոր կյանքից տանում է դեպի անանց և գերագույն կյանքը, կինը բարձրացուց յուր ծանրացած արտևանունքը, ճիգ արավ, որ անկողնի վրա կարողանա նստած մնալու, ձեռքը երկարացուց տան մի խորշին ու նշանացի կանչեց յուր զավակներին, որոնք լաց ու արցունքով կանգնած էին: Նոցանից մինը տասնհինգ տարեկան պատանի էր, իսկ մյուսը նոցանից երկու տարիով կրտսեր աղջիկ: Տղան ու աղջիկը շտապով վազեցին դեպի անկողինը, աղիողորմ ձայնով ծունր դրին հիվանդի առջևը և այնպես մնացին, քանի որ տևեց այդ տխուր արարողությունը: Երբ որ հոգևոր հովիվը խոստովանեցուց հոգեվարքին, երբ որ նորա մարմնու վրա կատարեց վերջին սրբազան օծումը և երբ որ կարդաց նորա վրա սովորական աղոթքները և խրատները, մեկ խոսքով, երբ որ յուր կոչման և խղճմտանքի պարտքը բոլորովին հատցուց, դռնից դուրս գնաց և նրա հետ միասին գնացին այս տխրալի տեսարանի հանդիսատեսքը` բարեպաշտ և հանդիսավոր լռությամբ:

Պատանու վրա նայողը կասեր թե նա յուր հասակից ծեր էր. երկայն ու սև մազերը փունջ փունջ ընկնում էին նորա թուխ և անտիկական երեսի վրա, ուր դուրս էր ցոլանում նորա հոգու արիությունը, նորա կայտառ և թափանցող աչքերը արտասուքով լցված կայծակների պես փայլում էին. նորա արտաքին կերպարանքը լիովին ցույց էին տալիս նորա անվեհերությունը և քաջությունը: Սորա անունը Թոմաս Բոցարիս էր. դա եղբայր է այն աղջկան, որի ձեռքը յուր ձեռքումը բռնած ուներ: Հեղինեն անօրինակ գեղեցիկ էր. նորա երեսի գծագրությունից երևում էր նորա չափազանց զգոնությունը և նորա հրեշտակական հեզությունը. նորա դեմքի վրա մի օտարոտի դյուրաշարժություն կար, որ նորա հոգու մեջ ծնած ամեն մի խորհուրդը ճշտիվ ցոլանում էր նորա երեսին: Ավա՛ղ, Հեղինեն մորեծնունդ մունջ գոլովայդ էր թշվառականի միակ խոսք ու զրույցը: Ինչպես ասացի` Հեղինեն երկու տարիով յուր եղբորից կրտսեր էր:

Բո՛ցարիս, ասաց հոգեվարքը, ահա՛ քու խնամքին եմ հանձնում քու քույրը. բացի քեզնից, աշխարհի երեսին նա չունի ուրիշ տեր և պաշտպան. խոսք տուր ինձ այս րոպեիս որ նորան անտեր չես թողնիլ:

Մա՛յր իմ, ասաց պատանին, երդվում եմ, որ քու խնդիրքը անշուշտ կկատարեմ, միամի՛տ եղիր:

Բարի՛ է, որդյա՛կ իմ:

Այս որ ասաց, առավ Բոցարիսի և Հեղինեի ձեռքը, իրար հետ միավորեց և մեղմ ձայնով սկսավ աղոթք մրմնջալու:

Նույն րոպեին դրսից սկսան դուռը ծեծելու: Բոցարիսը շտապով տեղեն վեր կացավ, գնաց ու բաց արավ դուռը: Ներս մտան տաճկաց փաշայի սպասավորները, լրբաբար եկան կանգնեցան սենյակի մեջտեղը և սկսան սաստկաբար պահանջելու նոր հարկ, որ Սուլթանը դրել էր յուր տիրած երկրների վրա:

Բոցարիսը նշանց տալով յուր մոր վրա` աղաչում, պաղատում էր չվրդովել նորա կենաց վերջին վայրկյանները. բայց իզո՛ւր. նորա արտասվախառն աղերսանքը չկարողացան անհավատների սրտի մեջ կաթիլ մի գութ շարժելու:

Ախչա՛, ախչա՛23 կրկնում էին նոքա անդադար, ապա թե ոչ, տան մեջ ինչ կա չիկաբոլորը կհավաքենք կտանենք:

Մորս երկարատև հիվանդությունը մեր ամեն ունեցածիցն զրկեց մեզ, — ասաց Բոցարիսը, — աղաչում եմ ձեզ, քանի մի օր ևս սպասեցեք, ինչ-որ հարկն է, բոլորը կհատուցանեմ:

Բայց անողորմ սպասավորները ո՛չ նորա իրավացի խոսքին և ո՛չ աղաչանքին ականջ դնելով` սկսան տան միջի բոլոր գծուծ կարասիքը կողոպտելու և դուրս տանելու. վերջապես կամենում էին այն մահիճը ևս առնելու, որի վրա պառկած էր հոգեվարք կնիկը, և արդեն սկսել էին թշվառականի տակից քաշել հանելու, հանկարծ Բոցարիսը հուսահատաբար հարձակվեց անօրեններու վրա, սաստիկ կռիվ, թակ ու ջարդ բացվեցավ նոցա մեջ, և հիվանդը չկարողանալով տանելու այդ քսմտելի տեսարանը, կողկողագին ճիչ արձակեց և ավանդեց հոգին

Հավանական է, որ այս սոսկալի դեպքը քանի մի ժամով աճապարեցուցած լիներ նորա մահը:

Բոցարիսը և Հեղինեն լալով հառաչելով ընկան յուրյանց մոր անշնչացած մարմնու վրա: Այս արտասվելի տեսարանին ներկա գտնվող անհավատները առ ժամ մի կանգ առին ու դադարեցան յուրյանց գարշելի գործքեն:

Следующая страница