Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Դորա բարքն ու վարքը երկու կողմ ունին` լույս և մութ. լույս կողմը այն է, որ մենք ճանաչում էինք դորան ինչպես մի խեղճ ու անբախտ հայ. երբեմն խղճալով վրան` ընդունում էինք մեր տուն մի գավաթ թեյ խմելու կամ մի կտոր հաց ու պանիր ուտելու: Մութ կողմը այն է, որ դորա մասին շատ զանազան կասկածելի լուրեր էին ման գալիս քաղաքի մեջ. չկարծեմ որ մեկ մարդ գտնվի, որ ճանաչում չլինի դորան: Բայց դա մի գովելի սովորություն ունի, զոր օրինակ` երբ որ մեկ տեղումը մի վատ գործ կատարեց (իսկ այդ շատ հաճախ է պատահում), որի համար անպատճառ պիտի պատժվի, թեկուզ սպանե` չի ասիլ որ հայ է, այդպիսի ձախող դիպվածներում իրան կնքում է (չը կարծեք ջրով ու մեռոնով) հույն, վրացի, բոշա, նաև ջհուդ: Շատ անգամ ծիծաղելով հարցնում ենք. «Ա՛տա, հե՞ր ես ազգդ ուրանըմ»: — «Վա՛հ, քու մատաղը կնամ ախր ինչո՞ւ եմ իմ ազգի անումը խայտառակըմ. լավն էն ա գռեքին ուշունց տան, նեժելի հային»: Վրայի հագածը սովորաբար միևնույնը չէ. այսօր եվրոպական շորեր է նորա հագածը, էգուց ասիական մին էլ տեսար թե՛ եվրոպականը և թե՛ ասիականը մի ծիծաղելի կերպով խառնած, զոր օրինակ ֆռակ, տակից առխալուխ, քաղքի լեն փոխաններ, գլխին չերքեզի փափախ, և ամենի վրայից` ռուսի գռեհիկի մուշտակ. ո՞ւր տեղից էր ճարում` միայն ինքը գիտեր: Եթե հարցնեիր` կարճ պատասխանում էր. «Ա՛տա, պանդ տես, օզի գելդի ապրանք ա»: (Նորա ծիծաղելիս միշտ միտքս էր ընկնում ռուսին հատուկ ասացվածքը «Доброму вору все в пору»...) Չգիտեմ ինչ խաղ էր խաղում ուրիշների հետ, բայց ուսանողներու համար մի հարկավոր անձ էր. փող չեղած ժամանակը` թեյ, շաքար, հաց, երշիկ, ծխախոտ այնպես գիտեր ճարել, որ մենք միշտ զարմացած էինք մնում. նմանապես գրավ դնելումը, բաներ ծախելումը մեծ հունար էր ցույց տալիս. բայց տերը փրկե, եթե լսել էր, որ մեկիս մեկը փող ունի, մինչև որ երեք չորս մանեթ չպոկեր` ձեռք չէր առնում: Ասացի, որ դորա տեղական անունը տեսնատա է: Բայց այդ դիպվածը թող ինքը պատմե և դորանով կպրծնի մեր թեթև գծագրությունը այս չնաշխարհիկ հայի վրա:

«Ախպեր ջան, մեկ օր կալիս եմ Գաբրիել Բաղդանիչի տուն (էն վախտ նա հալա Միխակի հետ էր կենըմ), Վանյան էլ էնտեղ էր: «Հը, ասըմ եմ, հե՞ր եք գլուխներդ քաշ արել, հալբաթ որ պաներդ պուրթ ա, պլիկ (փող) չունեք»: Ծեն չեն տալի: «Մեխակ, ասենք թե Վանյան` Վանյան ա, մեկ քասիբ տղա ա. Գավրիելն էլ օզի գելդի փողով ա ապրըմ, էսօր կա` էգուց չէ՛. դու հե՛ր ես անփող նստած... էնա դա, ախր ասըմ էիմ քեզ` թո՛ղ էտ քածին. ումբր արևդ կուտի նա. չէ, չէիր հավատըմ. հիմի տեսա՞ր որ Ալեքսանը սուտ չէր ասըմ: Ախր, մատաղ, ես գիտեմ էտ քածերի խասիաթը. մինչու որ վերջի շա՛պիկդ չի պուկիլ` կասի թե սիրըմ եմ, մեռնըմ եմ քեզ համար. ետովան անձեն փեշերը կհավաքի ու պոմինա՛յ կակ զվալի... էտ քու ազրայիլ շնորհքը, էտ քու սիրուն պատկերքը իմս իլեր` գիտե՞ս թե ինչ ռոլ կխաղայիմ էստեղըմը՛: Էնա չես հասկանեմ քու գինը, Մեխա՛կու քածին փող տա՛լ. էտ խոմ, իստակ գիժություն ա...» — Է է է՛հ, զահլաներս տարար, էն կըմանից ծեն տվեց Վանիեն. տերտե՞ր ես, ինչ ա, որ մեր կլխին ավետարաններ ես կարթըմ. տեսնըմ ես, որ ոչ ոք մեզանից փող չունի, ամենքս էլ էսօր սաղ օրը պան չենք կերել, թամբաքուի հոտ էլ օթախըմը չիկա. քանց թե երկար պարապ քարոզ ես կարթըմ` լավ չէ՞ կընաս ուտելի բան ճարես մեզ համար: — «Էտա դա՛, — ասամ, հորվախտ փող կա` Ալեքսանին թափուկով եք տամ, տանից դուս եք անըմ, փող չիլած վախտին` Ալեքսանը լավ մարթ դառավ»: Շուն էին, գել էին, ամա էլի իմ հայ քրիստոնյաներն էին. կընացիմ, ախպեր, մեր տղերանց համար ուտելի պան ճարեմ: Կես սահաթ անցկացավ, յա չէ` տուն պերամ երեք գրվանքա հաց, եռասունատ եփած ձու, օսմուշկե չայ, էրկու գրվանքա շաքար, սուճուղ, էլ միտս չէ ի՞նչ պերամ... հա՛ թամբաքու էլ պերամ: Մեր տղերքը քաղցած գելերի նման ընկան վերես, մունչու ես կերթայիմ ու սուփրեն կպերեիմ, որ աղավարի ստոլի վրեն փռեմ, որ մարդավարի նստենք ուտենք... կամ` ի՞նչ տեսնեմոչ հաց կա մեյդանըմը, ոչ սուճուղ. ատա՛, ծուն չկըճպած էին կերել, ա՛յ պան: Ատա՛ էսպես շշկլած մնացել էի: Էտ խո էտ, որ փորերի ճճուն մեքիչ հանդարտեցրին, Մեխակը հարցնըմ ա, թե որղա՞նց ճարեցիմ էտքան պանը: Հորտեղան հորտեղ միտըս եկավ ու ասացիմ` դուքանդարի հետ տեսնատա5 սարքեցիմ: Ախպեր, մեր տղերքը մեկ ծըծաղ են ծըծաղըմ, մեկ ծըծաղ են ծըծաղում, որ փորերը ուզում ա տռաքի, տեսնատա... խա՛ խա՛ խա՛ խա՛, տեսնատա ... խա՛ խա՛ խա՛ խա՛, տեսնատա՛... տեսնատա՛... էնքան ասացին, էնքան ծըծաղան, որ էտ օրվա օրից անումս մնաց տեսնատա»:

Քանի մի րոպեից Ալեքսանը եկավ տվավ ինձ երկու մանեթ և ասաց, որ խանութպանը շատ թեթև տոկոս նշանակեց, այսինքն ամսական մանեթի գլուխ տասնհինգ կոպեկ: Ես շտապով շնորհակալություն արի նորան և հրամայեցի կառապանին, որ հասցեի ատյանը տանե:

(Հասցեի ատյան ասելով ես ուզում եմ հասկացնել այն կառավարությունը, որ ռուսները կոչում են Адресный стол: Ռուսաստանի մանրաքաղաքներումը չիկա այդպիսի կառավարություն. ուրեմն զարմանալու չէ, որ իմ կարդացողներեն քանիսը, որոնք երբեք չեն եղած մայրաքաղաքումը, չիմանան դորա ինչ լինելը: Հասցեի ատյան նշանակում է այնպիսի կառավարություն, ուր կարելի է գտնել մայրաքաղաքումս բնակող ամեն մի մարդու կեցած տեղը` եթե միայն գիտես այդ անձին անունը և մականունը):

Երբոր հասանք հասցեի ատյանը` հարցուցի, աղջկանը, ինչպես է անունը և մականունը:

Մարիա Վեռդեռ է, — պատասխանեց նա:

Այս րոպեիս կիմանամ, ասացի, ձեր բնակած տեղը և հետ կուգամ:

Վազեվազ գնացի բարձրացա մինչի չորրորդ դստիկոնը (ուր է ատյանը) և իմացա, որ աղջկա կեցած տեղը Օֆիցերսկի փողոցումն էր Գամսի տանը16. և որովհետև մեր այժմյան տեղեն շատ հեռու չէր, մանավանդ որ երկուսիս ոտներն էլ ցրտից փետացել էին, առաջարկեցի, աղջկանը մինչի նորա տունը ոտով (հետի) երթալու: Կառապանին արձակեցի, նորից կուռ կռի տվինք ու գնացինք: Սրճանոցի մոտից անցնելիս իսկույն միտքս եկավ` որ` ո՛չ ես և ո՛չ աղջիկը ամբողջ 78 ժամ շարունակ բերաններս բան չէինք դրել. անոթութենիցս վրաս զորություն չէր մնացել ման գալու, անդամներս միանգամայն թուլացել էին, խոսել անգամ դժվարանում էի:

Կարելի է դուք մեկ բան կկամենայիք անուշ անելու, — ասացի աղջկանը, քայլերս պինդ դեպի սրճանոցը ուղղելով:

Ուտելու այնքան ախորժակ չունիմ, — ասաց նա, բայց սաստիկ ծարավ եմ, ինձ շատ կպարտավորեցնեիք, եթե մի բաժակ ջուր ճարեիք խմելու:

Մտանք սրճանոցը6: Սպասավորին հրամայեցի, որ նախ և առաջ մեկ բաժակ լիմոնադ բերե և ապա մեկ-մեկ գավաթ սուրճ և մի հատ ծխաթուղթ: Երբ որ սպասավորը բերեց-դրավ այդ ամենը սեղանի վրա ու ինքը գնաց, խնդրեցի աղջկանը, որ նստե բազմոցի վրա և ինքս նորա մոտ աթոռի վրա նստա:

Ներեցեք համարձակությանս, օրիորդ, ես կամենում եմ մի քանի բան հարցնել ձեզանից, — ասացի նորան գերմաներեն (սենյակի մեջ ոչ ոք չկար):

Հարցուցե՛ք պարոն, — ասաց աղջիկը ամոթխածութենեն աչքերը ցած խոնարհած:

Դուք, ինչպես նկատում եմ, այս տեղացի չեք, կարո՞ղ եք ինձ, ասել, ո՛րն է ձեր մայրենի երկիրը և դուք ո՛վ եք...

Ես շվեյցարացի եմ. ամիս ավել չի կա, որ ես և մայրս այստեղ էինք եկել:

Ինչո՞ւ թողիք ձեր երկիրը ու այստեղ եկաք:

Հայրս կանչել էր մեզ:

Ո՞ւր է այժմ ձեր հայրը:

Մեր Պետերբուրգ հասնելից ութ օր առաջ մեռել էր նա այստեղ, նույնիսկ սենյակի մեջ, ուր մայրս վախճանվեցավ. — ասավ նա խորը հոգոց հանելով:

Ի՞նչ գործի էր այստեղ ձեր հայրը:

Նորան մեկ հարուստ ռուս իշխան` անունը Լ... հրավիրել էր կալվածքը կառավարելու: Հայրս կես տարիի չափ մնաց այստեղ, իշխանը շատ սիրեց հորս նորա հավատարմության և բանիբունության համար, և վերջապես առաջարկեց, որ յուր գերդաստանը ևս բերել տա և խոստացել էր ապահովեցնել մեր ապագան: Հայրս նամակ գրեց մեզ, շատ գովեց Ռուսաստանը և նորա կառավարությունը, մանավանդ այն հակամիտությունը, որ ռուսները ունին դեպի արևմտյան ժողովուրդը: Թեպետ հորս հրավիրական նամակը ստանալով մենք շատ ուրախացանք, բայց ոչ առանց ափսոսալու թողինք մեր սիրական հայրենիքը. ինչու որ մենք շատ մարդոցմե լսել էինք, շատ գրքերու մեջ կարդացել էինք Ռուսաստանի ցուրտ օդի, անպտուղ երկրի և անկիրթ ժողովրդի մասին անհաճո լուրից և միայն այն միտքը, որ մեր սիրուն հայրենիքը պիտի փոխենք այդ օտար, անհյուրընկալ երկրի հետ, միայն այդ միտքը, ասում եմ, սոսկացնում էր իմ և մորս կանացի երևակայությունը: Եվ հիրավի, ո՞վ պիտի տար մեզ մեր կանաչազարդ դաշտերը, մեր ազատ սարերը, մեր խոխոջուն վտակները, մեր անամպ և կապուտակ երկինքը և վերջապես` մեր հյուրասեր և մարդասեր ժողովուրդը (այս խոսքերը լսելիս միտքս եկավ մեր սիրուն Հայաստանը, որ միայն գրքերից էի ճանաչում). ո՞վ կուտար ա՛խ... խոսքը չկարողացավ վերջացնել, սիրտը մղձկեցավ, աչքերը կարմրեցան և լցվեցան արտասուքով... ա՛խ, ինչո՞ւ չի լսեցինք մեր սրտի նախազգացմանը, ինչո՞ւ թողինք մեր հայրենիքը... ի՞նչ էինք պտրում անհայտ երկրումը պանդուխտության մեջ: Պարո՛ն, ներեցեք ինձ, որ ես չկարողացա զսպել հոգուս կսկիծը, հասկացեք իմ դառն վիճակը և ներողամիտ եղեք փոքրոգությանս, որ ես ցույց եմ տալիս այս հուսահատ դրության մեջ: Խելքս թռնում է գլխիցս, քանի որ միտք եմ անում` թե ի՞նչ պիտի լինի իմ վիճակը այսուհետև:

Դուք ազգական ունի՞ք ձեր տեղումը:

Ոչ, իմ հայրը գաղղիացի վարատական էր7: 1830 թվականի հեղափոխության ժամանակ նա փախավ յուր դահիճներու ձեռքեն. բոլոր ինչքը ու կալվածքը թողավ Գաղղիայումն ու գնաց բնակեցավ Շվեյցարիու Բազել քաղաքումը: Այնտեղ առաջին անգամ ծանոթացավ մորս հետ, որ մի աղքատ, բայց համեստ որբուկ էր, որ յուր օրական ապրուստը կար ու ասեղովն էր ճարում: Ինչպես տեսնում եք` ես աշխարհիս երեսին անտեր որբ եմ. երեք օր առաջ վերջի նեցուկս կորցրի այս անծանոթ տեղումն: Հիմի հավատո՞ւմ եք, որ ես իրավունք ունիմ ինքս ինձի ամենաթշվառ մարդը կարծելու:

Մի՛ այդքան հուսահատվիք, — ասացի նորան, — ամեն տեղ կան բարի մարդիկ. աստծու աչքը որբերու վրա միշտ հովանավոր է: Ես չեմ ասում, որ ձեր ներկա վիճակը թշվառ չէ, արտասվալի, սոսկալի չէ, ո՛չ. բայց միտք բերեք ձեր մորը, քանի որ նա ձեր սիրական հորը չէր ճանաչում, ինչպե՞ս էր ճարում նա յուր ապրուստը... Իհարկե, դուք էլ նույն համեստ հնարով կարող եք պարկեշտ վիճակ վայելելու: Գուցե՛ դուք ևս կարողանաք... — ասացի, բայց խոսքս վերջացնելու չհամարձակեցա. աչքիս տակով նայեցա աղջկա երեսին, երկուսիս աչքերը իրար հանդիպեցան, երկուսս էլ շփոթվեցանք ու աչքներս խոնարհեցինք:

Անուշ արեք ձեր գավաթով սուրճը, թե չէ` կսառի, — ասացի նորան, կամենալով այդ շփոթը փարատելու, ու ինքս կպցրի ծխաթուղթը ու սկսա քաշել ու խմել: Փոքր լռելուց հետո` աղջիկը հարցուց ինձ.

Դո՞ւք որտեղացի եք, ներեցեք հետաքրքրությանս, բայց ինձ երևում է, որ չպիտի ռուս լինիք:

Ձեր կարծիքը ուղիղ է. ես էլ ձեզ պես պանդուխտ եմ այստեղումը. ես ազգավ հայ եմ:

Ուրեմն մենք երկուսս էլ մի կրակով ենք այրվում, — ասաց նա ժպտալով, հետո ավելացուց. ձեր անունը ինչպե՞ս է:

Միքայել է անունս, մականունս Վայելչյան, — պատասխանեցի ու վիրավորված ձեռքես հետ արի նորա տված թաշկինակը և առանց մեկ խոսք ասելու մատով ցույց տվի ասեղնագործած M. V. տառերի վրա: Դուք չե՞ք զարմանում, որ իմ և ձեր անվան և մականվան սկզբնատառերը միևնույնն են. չե՞ք կարծում, որ այստեղ մի գաղտնիք կա, որ նախասահմանությունը առ ժամանակ մի թաքցնում է մեզանից:

Ինձ էլ այդ տառերը միշտ առեղծական ու խորհրդավոր են երևել. ես միշտ աշխատել եմ այդ երկու տառերի մեջ իմ վիճակի որոշումը գտնելու: Մեկ բան ասեմ` չե՞ք ծիծաղիլ վրաս: Մի օր (դեռևս այստեղ չէինք եկել) մայրս եկեղեցի էր գնացել, տանը մնացել էի ես ու մեր պառավ աղախինը. այսպես մենակ նստած սենյակումը աչքս երկու տառերի վրա դարձուցած` ըստ սովորությանս աշխատում էի զանազան հարմար բառեր պտրտելու. շատ կերպ համառոտ նախադասություններ կազմեցի այդ երկու տառի վրա, բայց ոչ մինը ինձ հավան չեկավ, վերջապես երկու խոսք միտքս եկան, որ պինդ տպավորվեցան երևակայությանս մեջ և այդ օրհասական ժամեն միտքես դուրս չեն գալիս, և ասես թե սարսափելով, բայց անհամբերությամբ սպասում եմ նոցա կատարվելուն:

Ինչպե՞ս են այդ խոսքերը, — հարցուցի:

Այդ խոսքերը ֆրանսերեն են` Mort par venin (մահ թույնից). ու այնուհետև խելքս մտել է, որ իմ կյանքը թույնով պիտի վերջանա:

Թողեք, ի սեր աստուծու, այդ ցնորական նախազգացմունքը, որ կարող էր գալ միայն երեխայի գլուխը, և ոչ ձեզ պես կրթված աղջկա... բայց ի՞նչ կասեք ինձ, եթե ես այսպես մեկնեի` մադամ կամ Մարի Վայելչյան, — ասացի ծիծաղելով:

Այժմ իմ հերթն է ձեզ ասելու` թողեք խնդրեմ այդ ցնորական գուշակությունը, որ կարող էր գալ մի հաճոյախոս երիտասարդի գլուխը և ոչ ձեզ պես կրթված ուսանողին. — ասաց նա մինչի ականջները կարմրած, հետո ավելացուց, նայելով պատուհանին. Ա՛խ, տեր աստված, արդեն մութը կոխել է. պետք է տուն երթալ. ի՞նչ կկարծե տանտիկինս, որ ես այսքան ուշացա: Խնդրեմ, պարոն, ինձի ճամփա ձգեք մինչի բնակարանս, — ասաց ու վեր կացավ տեղեն: Ես, թեև ափսոսալով, բայց նմանապես տեղես վեր կացա, զանգակը խփեցի, ծառան եկավ, ինչ որ հարկն էր տվի իրան ու աղջկա հետ միասին դուրս եկանք սրճանոցեն:

Օրիո՛րդ, — ասացի աղջկանը, երբ որ արդեն փողոցումն էինք, — ի՞նչ միտք ունիք անելու:

Ես ինքս էլ մոլորված եմ այդ մասին և չգիտեմ, թե էգուցվա օրը... խոսքը չպրծավ: Բայց ես հասկացա նորա ասելուն ու մտքիս մեջ շարունակեցի, «չգիտեմ թե ի՞նչ ուտեմ և որտե՞ղ բնակվիմ»:

Եթե այդպես է` ուրեմն կընդունի՞ք իմ փոքրիկ օգնությունը, որ ես ի բոլոր սրտե ձեզ առաջարկում եմ: Ահա ձեզ մեկ մանեթ. մինչև էգուց ցերեկվա 12 ժամը ինչպես և իցե բավականացեք դորանով, մնացածը, աստուծով, մեկ կերպ կկարգադրենք:

Ախ, պարոն, ի՞նչ իրավունք ունիմ ձեր վերջին կոպեկը առնելու ձեզանից, ես գիտեմ, որ դուք ինքներդ չքավոր եք. տանն ևս ոչինչ չունիք, կարծում եք ես չնկատեցի՞, որ դուք ձեր ոտից հանեցիք ձեր կրկնակոշիկները ու ծախեցիք այն բոշային, որ ինձ օգնություն անեք: Ես չգիտեմ` կարող եմ արդյոք երբևիցե հետ դարձնել ձեզ նախ այն լավությունը, որ դուք ինձ արիք արդեն` ձեր կարողութենեն վեր զոհ բերելով:

Օրիո՛րդ, եթե այդպիսի խոսքեր կասեք` այդ կնշանակե, դուք իմ վրա շատ վատ կարծիք ունիք. մի՞թե դուք կարծում եք, որ ես մի թեթև և չնչին զոհի ևս ընդունակ չեմ, և վերջապես` որտեղի՞ց գիտեք, որ իմ ունեցած չունեցածը այդ կրկնակոշիկն էր. փառք աստծո, ես այնքան... ուզում էի ասել` հարուստ եմ, բայց չհամարձակվեցա այդպես լրբաբար ստելու և խոսքս կուլ տվի:

Եթե ինձ պատվում եք` մի՛ համոզեք ձեզանից զոհեր ստանալու:

Եթե իմ առաջարկած օգնությունը չընդունեք` այդ ասել է, որ ինձ հետ առհապայն ծանոթ մնալ չեք ուզում. կամքը ձերն է, — ասացի ձևանալով իբր թե սիրտս սաստիկ ցավել է նորա խոսքերից:

Ո՛չ, ո՛չ, պարո՛ն, ես չէի ուզում այդ ասել... բայց դո՛ւք. դուք էլ խո էգուցվա համար ուտելու բան չունիք, — ասաց նա այնպիսի հրեշտակական կարեկցությամբ, որ քիչ մնաց` մոռանալով նորա սուգը և ցավալի ներկա վիճակը` տեղն ի տեղ առաջարկեի սիրտս և ձեռքս (մի՛ զարմանաք և մի՛ դատապարտեք, իմ պատվական կարդացողներ, որովհետև այն ժամանակ ես տասնևինն տարեկան էի):

Խնդրեմ ինձ համար հոգս մի՛ անեք. եթե կամենում եք, որ ես ձեզ հետ սրտաբաց խոսիմ, ահա՛ լսեցեք: Ճշմարիտ է, որ ես հարուստ չեմ, ո՛չ ռոճիկ և ո՛չ արդյունք ունիմ. ծնողքս նմանապես այնքան ունևորը չեն, որ կարողանային ինձ օգնել. բայց փոխարեն այդ ամենին` ես այնպիսի գանձ ունիմ, որ համարձակ կարող եմ անհատական անվանել, այդ գանձըիմ բարեկամներն են, որոնք թեև այստեղ չեն, բայց մեկ տող որ գրեցի` իրանց վերջին ունեցածը ինձ կուտան: Այժմ հավատում ե՞ք, որ ես այնքան աղքատ չեմ, որ երևում եմ արտաքին հանգամանքովս:

Ա՛խ, պարոն, դուք ինձ ստիպում եք մինչև կյանքիս վերջին շունչը ձեզ երախտապարտ մնալու. դուք ինձ ստիպում եք մեր ծանոթության հենց առաջի օրեն ձեզ ինչպես իմ հարազատ եղբայրը, ինչպես իմ մտերիմ բարեկամը ճանաչելու: Բայց և այնպես` ձեր օգնությունը ես միայն այս երկու պայմանով կընդունիմ, նախ` որ ինձ կխոստանաք, որ երբ ինքներդ կարոտության մեջ լինիք` առաջինը դեպի ինձ կդառնաք:

Ահա իմ ձեռքը, — ասացի ի նշան համաձայնությանս: — Այժմ մտիկ արեք. գրպանումս կա մանեթ ու տասնհինգ կոպեկ. այս տասնհինգ կոպեկով ես ինչպես որ լինի գիշերս կլուսացնեմ, էգուց եթե ստացա փող` լավ, թե չէ` կուգամ ու ձեզանից երեսուն կոպեկ կառնում. հոժա՞ր եք:

Հոժար եմ, — պատասխանեց աղջիկը:

Այս վերջին խոսքերը գրեթե նորա տան մոտ ավարտվեցավ:

Կամենա՞ք մտնել իմ բնակարանը, — հարցրեց աղջիկը այնպիսի անմեղությամբ և միամտությամբ, որ ամենակասկածոտ և բծախնդիր մարդու երկմտությունը կարող էր փարատել:

Ա՛խ, շատ կցանկանայի տեսնել ձեր ապրուստը, — ասացի նորան, նմանապես հեռի ամենայն պարսավելի մտքերե:

Երեկոն արդեն վրա էր հասել. մութ և ցեխոտ սանդուղքները չէին լուսավորված, ու մենք պատե պատ խարխափելով հազիվ գտանք նորա բնակարանը: Ինձ արդեն ծանոթ պառավներեն մեկը բացեց դուռը և ճրագը երեսիս մոտեցնելով` ուզեց իմանալ, թե ես ո՞վ եմ: Աղջիկը երկչոտությամբ բարևեց նորան. բայց պառավը սառը կերպով ընդունեց նորա ողջույնը ու հեգնությամբ փնթփնթաց.

Ա՛յ քեզ տրաքոց, մոր մարմինը դեռևս չի սառել գետնի տակ` աղջիկը արդեն սկսել է փողոցեն մարդիկ ներս բերելու:

Փոխանակ պատասխանի` ես խստությամբ մատով սպառնացի պառավին ու հազիվ կարողացա զսպելու բարկությունս. բայց մոտեցա նորան ու կես ձայնով ասացի ականջին. «Եթե մյուս անգամ լսել եմ այդպիսի խոսքեր` իմացած լինես, որ բերնումդ մնացած երկու ատամն էլ դուրս կհանեմ. լսո՞ւմ ես, թե չէ. բախտավոր համարե քեզ, որ աղջիկը չհասկացավ քո ասած լիրբ խոսքերը, թե չէ հենց իմացիր որ պատուհանեն դուրս պիտի գլորվեիր»:

Ո՛չ այնքան խիստ խոսքերս, որքան փայլուն կոճակներս ահ ձգեցին այս ռամիկ ռուս քավթառի սրտի մեջ: Ասացի ու իսկույն մտա աղջկա սենյակը: Սենյակը վայ էն հալին, լուսավորված էր մոմի աղոտ լույսով. երեք թե չորս կոտրատած աթոռ, մեկ հին սեղան, խորշումը մեկ պայուսակ. այս էին ահա նորա բնակարանի կահ կարասիքը: Բայց այս աղքատ կեցության մեջ ինձ զարմանալի թվեց մի պատվական ընկուզի փայտե շինած դաշնամուր` երևելի Վիթեռի ձեռագործը:

Հանեցի թիկնոցս ու նստա աթոռի վրա. աղջիկն ևս նստավ փոքր ինչ հեռու ինձանից: Սկսա աչքս պտտացնել սենյակի չորս պատին: Աղջիկը կամենալով խզել այս լռությունը, ասաց.

Դուք զարմանում եք, կարելի է, որ այստեղ չեք տեսնում ո՛չ մահճակալ, ո՛չ անկողին, ո՛չ բարձեր և շատ ուրիշ առարկաներ, որոնք ոչ միայն հարկավոր, այլև կարևոր են ամենաթշվառ մարդուն. մի՛ զարմանաք, դուք արդեն ունիք իրավունք իմ ամեն հանգամանքը տեղյակ իմանալու. ես ձեզ, ինչպես իմ հարազատ եղբորը, ամեն բան մանրամասնաբար կպատմեմ: Այսօր առավոտ այդ ամեն բաները կային այստեղ, բայց դագաղագործը մինչև որ վեց մանեթը չառավ` չհոժարեցավ մորս դազաղը տալ. նույնպես մեռելակառքի տերը մինչև առաջվանե չի ստացավ ութը մանեթը` չհոժարեցավ մորս թաղել տանելու: Մորս մահից հետո մնացած ամեն բաները նոցա տվի, միայն թե ինձ օգնեն վերջին պարտքը հատուցանելու խեղճ ծնողիս:

Հետո իմացա, որ առավել քան թե հարյուր մանեթի բաներ առել էին գազան վաճառականները այս անփորձ աղջկանեն, բայց ի՞նչ կանես, անցածը չէր կարելի հետ դարձնել:

Ի՞նչ պատահմունքով ապա մնացել է այս գեղեցիկ դաշնամուրը, հարցուցի աղջկանը:

Ա՛խ, պարոն, մի՛ հարցնեք. այս օտար տեղումն որ բնակում էինք ես և մայրս` դա մեր միակ մխիթարությունն էր աշխարհքիս երեսին. ես չի խնայեցի ո՛չ հալավներս, ո՛չ զարդերս, ո՛չ գրքերս, ո՛չ անկողինս, բարձս, վերմակս, վրայիս տաք թիկնոցը անգամ տվի առանց ափսոսալու, միայն որ քանի մի օրով ուշ երթա ձեռքես այս սիրական դաշնամուրս, իհարկե վաղ կամ ուշ դա էլ գնալու է ձեռքես, երբ որ կարոտությունը կստիպի, բայց ես ինքս ինձի խոսք եմ տվել, որ այս ոսկե մատանին որ մայրս մեռնելու րոպեին մատից հանել ինձ էր տվել, առավել շուտ ծախեմ, քան թե այդ դաշնամուրը... Տեր աստված, մի՞թե պիտի հասնե այն թշվառական օրը, երբ մորս վերջին հիշատակը պիտի...

Երբ իմացա, որ մատանին յուր մորը տված հիշատակն էր և ոչ նորա հարսնախոսության նշանը` այնպես հանդարտեցա մտքով, որ ասես թե մեջքիս վրայեն մեկ ծանր բեռ ցած դրի:

Մի՛ վախենաք, ասացի, աստված մինչև այդ աստիճան չի հասցնիլ, իմ սիրտը վկայում է, որ դուք շուտով պիտի ազատվիք այդ թշվառ վիճակեն, և պիտի ազատվիք` ազնիվ ու գովելի հնարով:

Աստվա՛ծ տա, որ ձեր սրտի վկայությունը կատարվի: Պարո՛ն Միքայել, եթե ես այսուհետև էլ աստվածանից գոհունակ չլինեմ, ե՞րբ ապա պիտի կարողանամ նորա ողորմությունը ճանաչել. կարո՞ղ էի ես կարծել, որ այս անծանոթ երկրումը, ծնողներես զրկված, աղքատ, անտեր, որբ մնացած` հանկարծ կգտնեմ ձեզ պես անձնանվեր բարեկամ. — ասաց ու ձեռքը դեպի ինձ ձգեց: — Շնորհակա՛լ եմ, պարոն Միքայել, իմ ազնիվ բարեկամ. հավատացեք որ այսուհետև եթե սար ու ծովեր էլ բաժանեին մեզ` ձեր բարի հիշատակը մինչև ի մահս անթառամ պիտի մնար սրտիս մեջ:

Այս խոսքերը ինձ միանգամյան շփոթեցրին, պապանձեցրին, շնորհակալություն անգամ չկարողացա անել. խելացնորի պես շշկլվել մնացել էի: Եվ ի՞նչ զարմանք, այս առաջին աղջիկն էր, որ բացեց իմ առաջ յուր անբիծ և կուսական սիրտը, առաջին անգամն էր, որ հետս խոսեցան այն անխարդախ լեզվավ, որի ամեն մի խոսքն առանց երկմտության, առանց զննելու հավատում է մարդս: Անիծելով անիծեցի և՛ ինքս ինձի, և՛ իմ բախտը, և՛ հազարումեկ դիպվածներ, որ պատճառ էին եղել ինձ` սիրտս բանալու անարժան սիրու և անգոսնելի ախտերի համար...: Անագան, բայց արդյունավետ ստրջանք:

Հանկարծ վրաս մահագուշակ տրտմություն եկավ. հոգիս, ասես թե, դժոխքի մեջ այրվում տանջվում էր. խղճմտանքը բարձրաձայն աղաղակում էր մեջս: Այս աղջկա սենյակումը այլևս մնալը` նշանակում էր ոտնակոխ անել նորա կուսական սրբությունը...: Առի եռանկյունակս, մոտեցա աղջկանը. աչքս չհամարձակելով նորա երեսին բարձրացնելու` սկսա մնաս բարով անել: Աղջիկն էլ վեր կացավ տեղեն, ձեռքը ինձ ձգելով, ասաց.

Արդեն գնո՞ւմ եք... կարող ե՞մ հուսալ, որ այս ձեր վերջին այցելությունը չէ... ե՞րբ կտեսնվինք, իմ հավատարիմ բարեկամ...

Ինչպես ասացի` էգուց ժամը 12-ին. բայց եթե ուշացա` երեկոյանը սպասեցեք, այսպես` յոթնին ութնին:

Շտապով ձգեցի վրաս թիկնոցն ու խելագարի պես դուրս ընկա:

Գ

Պարզկա գիշերվա ցրտությունը որ ճակատիս չի տվավ` ական թոթափել ցրվեցավ երևակայությանս խառնաշփոթ մտքերը: Վախենալով որ քրտնած մարմինս հանկարծ ցրտեն չի սառի` սկսա շուտ-շուտ և գրեթե վազելով առաջ գնալու: Մինչև բնակարանս հասնելու` չորս վերստի չափ տեղ պիտի անցնեի, բայց կարդացողիս հայտնի է, որ իմ բոլոր հարստությունը տասնհինգ կոպեկ էր. ուրեմն սահնակ վարձելու համար մտածելն անգամ խելացնորություն էր: Ես հավաստի գիտեի որ ընկերս մինչև այժմ անհամբերությամբ սպասում կլիներ ինձ (ժամը արդեն ութն էր երեկոյան), հուսալով որ նորա համար քաշելու և ուտելու բան կբերեմ հետս: Ես գիտությամբ առաջ քաշելու ասացի և ապա ուտելու, որովհետև ուսանողք և ուսանողի պես մարդիկ փորի քաղցածությունից այնքան չեն չարչարվում, որքան ծխախոտի ծոմ պահելից:

Զարմանք երևույթ, ինչո՞ւ այդպես հզոր ազդեցություն ունի ծխախոտը այն մարդոց վրա, որոնք առավել են տված հոգու, քան թե մարմնու վայելքի: Այդ չծխող մարդիկը չեն ճանաչում այն վայելքը, որ անուն չունի և որ բնական ազդեցությամբ հասկանում է պատանեկության հասակը, այն անգործունյա գործունեությունն եմ ասում, երբ հոգին, առ ժամ մի կոտրտելով մարմնու շղթաները` ազատ թռչունի նման թռչում, հեռանում, ճախրում է երևակայության աշխարհի անսահման գավառներու մեջ...

Երբ որ տանս մոտեցա` մտա մանրավաճառի խանութը, հրամայեցի խանութպանին որ տա երկու գրվանքա սև հաց, մեկ մոմ, երեք կոպեկի թեյ, չորս կոպեկի շաքար, մնաց մեկ կոպեկ. ծխախոտի համար փող չունեի: Կարոտությունը մայր է հնարից, ասում է առածը:

Ծխախոտ էլ ունի՞ս, հարցուցի:

Ինչպես չէ, ունիմ ձերդ ազնվություն, — ասաց sui generis8 քաղաքավարի խանութպանը. ո՞րն եք կամենում, ունիմ Միլլեռինը, Կաղիբեքինը, Պողոսովինը, քանի՞ հատ է պետք ձեր պայծառափայլությանը:

Թեկուզ տասը հատն էլ ինձ բավական կլիներ մինչև էգուց առավոտը. բայց տեսնում ես, սիրականս, բանը ինչ է. տնից դուրս գնալիս կարծում էի, թե գրպանումս շատ փող կա, բայց մի՛ ասիլ որ տասնհինգ կապեկից ավելի չունիմ հետս. ահա քեզ մեկ կոպեկ, մնացած իննը կոպեկը էգուց առավոտ լուս ու մութին կհասցնեմ քեզ ծառայիս ձեռքով. կհավատա՞ս ինձ իննը կոպեկ...

Համեցե՛ք, պարոն, համեցե՛ք, — ասաց միամիտ խանութպանը:

Արջը կապեցինք, ասացի մտքումս: Վեր առա գնած ապրանքըս և տասը հատ էլ Միլլեռի ծխախոտը և ուրախությունիցս պատերազմական մառշ սուլելով տուն գնացի: Ներս որ մտա, Հովհաննե՛ս, ասացի տա՞նն ես: Ձայն չիկար: Հովհաննե՛ս, ասացի նորից ավելի պինդ ձայնով:

Հը՛մ, — ասաց քնած տեղից Հովհաննեսը, — Միքայե՛լ, դո՞ւ ես:

Ե՛ս եմ, ե՛ս, — պատասխանեցի. ինչո՞ւ մութ տեղումը պառկել ես, — հարցրեցի, մտքումս ծիծաղելով:

Ինձ լույս ո՞վ էր տվել, — ասաց խեղճ ընկերս:

Վե՛ր կաց. վե՛ր. քեզ համար հա՛մ ճրագ եմ բերել, հա՛մ հաց, հա՛մ թեյ:

Քաշելու բան ունի՞ս, — հարցուց քնաթաթախ ընկերս:

Դեռ վե՛ր կաց տեղեդ. արի՛ ճրագ վառենք:

Բռ՛ռռ, ամմա ցուրտ է հա, տանը, — ասաց Հովհաննեսը. դրսումը ինչպե՞ս է, էլի ցո՞ւրտ է առավոտվա պես:

Հա՛, կարծեմ որ մեկ բան էլ ավելի լինի, — պատասխանեցի ես:

Այդպես մի ժամ ավելի հյուսիսայգը սաստիկ վրդովում էր երկինքը (նկատելի է, որ այն ձմեռ հյուսիսայգները հաճախ էին երևում երկնքումը):

Ես կարծում էի, թե դու կես ճամփումը սառած կլինիս... Ա՛ տղա, ինչո՞ւ էսքան ուշացար... հա՛, էն ի՞նչ էր առավոտվա շշկլվածի պես տուն մտնելդ ու կապելու գիժի նման դուրս փախչելդ... ի՞նչ է եղել քեզ:

Դեռ էդ թողնենք, քեզ պատմելու շատ բաներ ունիմ:

Լուցկիքը քսեցի պատին, վառեցի ճրագը: Հովհաննեսը ամենից առաջ ընկավ ծխախոտի վրա, հապճեպով պատռեց կապոցը, հանեց մեջեն մեկ հատը, առավ բերանը և ճրագին մոտեցրեց. մեկ կուշտ ներս քաշեց ծուխը և հետո ասաց, «Օխա՛յ, սիրտս տեղը եկավ. ա՛ տղա, ցերեկվա 11-ից մինչև այս րոպես առանց քաշելու էի, գիտե՞ս. թե որ մեկ-երկու էլ այսպես օրեր լինեն` ինձ համար խոլեռա պետք չէ, առանց նորան էլ կմեռնիմ»:

Մի՛ վախենալ, չես մեռնիլ. ինձ Մոսկովից գրում են, որ առաջին սուրհանդակով երեք գրվանքա Թիֆլիսի ծխախոտ կուղարկեն...

Գիտենք, գիտենք, վաղուց ենք լսում այդ մխիթարությունը, քեզ Մոսկովից շատ բաներ են ուղարկելու, — ասաց, ծաղրելով խոսքերուս վրա. — բայց մինչև այնտեղից քու ծխախոտը և շատ ուրիշ բաներ ստանալը` ես ու դու դեռ շատ օրեր պիտի անցնենք այսօրվա նման:

Հովհաննես, դու ինձ վիրավորում ես` երկբայելով իմ խոսքերին...

Ա՛խ, — ասաց Հովհաննեսը, խոսքս կտրելով, — ես չեմ երկբայում, որ քու ասածը ճշմարիտ է. բայց դու, դու ես խաբվում հույսերովդ:

Խնդրեմ` թողնենք այս խոսակցությունը, որ գրեթե ամեն օր կրկնվում է: Եկ առաջ ինքնաեռը դնենք, մեկ աղավարի թեյ խմենք, հետո քեզ հետ շատ բան ունիմ խոսելու:

Ա՛խ, Միքայել, գիտե՞ս ինչ, — ասաց Հովհաննեսը շտապավ խոսելով. քիչ մնաց, որ մոռանայի: Պահմալ մեկ սարսափելի երազ տեսա, երազումս իբր թե դու ու մեկ աղջիկ խոր փոսի առաջ կանգնած` պար էիք գալիս: Միքայե՛լ, ասում եմ, ի՞նչ տեղ ես գտել պարելու, չե՞ս տեսնում առջևիդ փոսը. դու իմ խոսքին ուշք չէիր դնում ու առաջվա պես պար էիր գալիս: Հանկարծ աղջիկը դուրս պրծավ գրկիցդ, մոտեցավ փոսի ափին, մեկ հետ շուռ եկավ, նայեցավ երեսիդ ու թռավ փոսի մեջ: Դու լեղապատառ վազեցիր, մեկ պինդ աղաղակեցիր, ու նորա հետնեն գլորվեցար, բայց հետո կամաց կամաց վեր բարձրացար` կարծես թե թևեր ունեիր ու տխուր եկար կայնեցիր մոտս: — Ի՞նչ եղավ աղջիկըհարցրի: «Կորավ փոսի մեջ. չի գտա նորան» ասացիր դու: Ես վախիցս զարթնեցա: — Փոքր ինչ լռելից հետո` ասաց ընկերս: — Ի՞նչ պիտի նշանակե այս երազը:

Օրը բարի է, երազն ի բարին կատարի, — ասացի ծիծաղելով և միտքս բերելով Մոսկվայումը տպած օրացույցի իմաստուն հեղինակներին:

Հանաքը դեն` երազները երբեմն կատարվում են, գիտե՞ս, — ասաց իմ միամիտ ընկերը:

Իհարկե կատարվում են, — ասացի. զոր օրինակ` քանի մի օր առաջ ես էլ էի մի երազ տեսել. երազումս իբր թե ձեռս տանում եմ գրպանս և ի՞նչ տեսնեմ. բուռ բուռի քամակից ոսկիներ եմ հանում, այնքան հանեցի, որ ձեռս հոգնեցավ, բայց շուտ զարթեցա: Առավոտը աչքերս որ բացի` խանութպանը իր տղան էր ուղարկել մեր առած ապրանքի փողը պահանջելու: Լավ մեկնություն չէ՞ր իմ տեսած երազին

Չգիտեմ, Միքայե՛լ, ի՞նչ պատասխան տամ այդ խելոք խոսքերիդ. թե ինձ հարցնես` իմ կարծիքն այն է, որ երբեմն երազը կատարվում է:

Следующая страница