Պատկանյան Ռաֆայել՝   Արձակ երկեր

Ես զարմացած` դահլիճի պատերը, առաստաղը և տան կահ-կարասին էի դիտում, երբ կամացուկ ներս մտավ բեռնակրի նման մի երիտասարդ երկարավիզ կոշիկ հագած, շալվարի փողքերը կոշիկների ճտքերի մեջ դրած, և ասաց.

Աղա՛, հինգ հազար փութ ընդունեցինք: Ապրանքը վատ ապրանք չէ:

Լավ չորացրի՞ք, — հարցրեց աղան:

Ի՞նչ ես խոսում, մոտ ութը օր սայլերը կանգնեցրել էինք թեժ արևի տակ. ամեն սայլից համարյա մի փութ չորացավ:

Այդ շատ լավ արիք: Վար առնելու ժամանակ բուրդը մի լավ (ձեռքով ցույց է տալիս) թափ տվի՞ք:

Թափ չտվինք, բա ի՞նչ արինք, կաշին էլ հանեցինք. Ամեն մի սայլից համարյա մի-մի ձեռնասայլակ հող ու աղբ թափեցինք. ամեն սայլից դա էլ փութ, փութ ու կես տարբերություն արավ: Մալաքանները կեցած տեղերը քիչ էր մնում լաց լինեինбольно обидно будетասում էին ողորմելիները, բայց մերոնք անդադար թափ էին տալիս, ցեխն ու մանր բուրդը կարկտի պես վար էր թափվում... Այս առուտուրից էլ մանեթին-մանեթ որ չվաստակենք, ուղղակի հիմար պիտի լինենք:

Է՛յ, լա՛վ, — ասաց աղան, — մնացած փողի համար կասես, որ վաղը երեկոյան կողմը գան առնեն: — Ասաց ու դեպի ինձ դարձավ: Ամբարի մարդը գնաց:

Հը՞, հավանո՞ւմ ես տունս, — ասաց պարծենալով:

Չհավանելու տո՞ւն է որ, — ասի...

Խոսքս դեռ չէի վերջացրել, որ վախվխելով ներս մտավ սև շորով, գլուխը հին լաչակ կապած, դեմքի համեստ արտահայտությամբ, միջին տարիքի մի կին:

Բարև, աղա՛, — ասաց, ձայնը հազիվ բերանից հանելով և գլուխ տվեց.

Երևում էր, որ աղան դժգոհ էր, որովհետն բարևը չառավ, և խոժոռ դեմքով ասաց.

Ինչի՞ ես եկել:

Աղա՛, քեզի մեկ խնդիրք ունիմ, ոտքդ պագնեմ, չէ մի՛ ասիլ: Աղջիկս, Մարգարիտը, հայ-հայ տասնիննը կմտնի. դուռ-դրացու բերնի մաստաք եղավ խեղճը. այս հինգերորդ ուզողն է. մեր ուժի չափով օժիտ պատրաստել ենք. միայն թե` սա էլ մյուսների պես, մի քիչ փող է ուզում, ընդամենը յոթանասունհինգ մանեթ: Աղա՛, ոտքդ պագնեմ, չէ մի՛ ասիլ. տո՛ւր այդ փողը, պապայիդ-մամայիդ հոգուն մատաղ, զավակներուդ արևուն համար, խեղճ աղջկաս վիզը մի՛ կտրիլ: Խալխը տասներկու-տասներեք տարեկան աղջկանը տանից դուրս է հանում, մերը` տունը մնալով, ամոթից ու դարդից օրեցօր ճրագի պես հալվում է, թե որ էլի մնա, ո՞վ գիտե խալխը ինչեր պիտի հնարի. հո գիտես մեր խալխի լեզուն: Հայտնի է, որ մարդս իր ձեռքի արհեստովը զոռով-շառով տուն է կառավարում. խեղճը կոպեկներով ե՞րբ պիտի կարողանա յոթանասունհինգ մանեթ հավաքել: Քեզի չեկած, մեկ-երկուսին գնացի, տներն ընկա, բայց օգուտ չեղավ. բոլորը քո վրա են ցույց տալիս, այսինքն թե` մոտիկ ազգականդ թողած, ինչո՞ւ օխտն օտարի դուռը կընկնիս... Աղա, ոտքդ պագնիմ, սրբե՛ արդար աղջկաս աչքին արտասուքը:

Ասում էր և հոնգուր-հոնգուր լաց լինում խեղճ կինը. քարն էլ կշարժվեր տեղից, չէ թե մարդու սիրտը: Բայց աղայի պետքը չէր:

Աղջի՛, — ասաց նա, — էդ ինչե՞ր ես դուրս տալիս. բերնեդ ելածը ականջդ էլ կմտնե՞: Քեզ ո՞վ ասաց, որ իմ վզի պարտքն է իմ աղքատ ազգականներիս աղջիկների համար էրիկներ ճարել: Դուք զավակ գոյացուցած ժամանակներդ ինձնից հրաման առե՞լ էիք որ: Թե որ զավակ պահելու կարողություն չունիք, ինչո՞ւ եք նրանց աշխարհք բերում. միայն աղքատ շատացնելու համա՞ր: Այս մեկ: Մեկ էլ` այդ ի՞նչ հանդգնություն է, չեմ հասկանում, հենց որ ազգականներիցդ մեկը չորս-հինգ կոպեկի տեր է դառնում, իսկույն գայլերի պես վրա եք թափվում, կտրտում, պատառոտում, թալան-թալան անում, ու ժամանակ չեք տալիս, որ մարդը շունչ առնե: Այս էլ երկու: Քեզ ո՞վ է ասել, թե իմ ունեցածս այնքան շատ է, որ ո՛չ միայն իմ ընտանիքիս պետքերը կարող եմ հոգալ, այլև իմ բոլոր ազգականներիս պետքերն էլ: Այս տարի, լսած չե՞ս, ի՞նչ է, ո՛չ միայն վաստակ չենք անում, այլև ունեցածներիս գլխից պիտի ուտենք: Հիմիկվա ժամանակը, ջանս, վաստակի ժամանակ չէ: Ապրանքը թանկ-թանկ ենք առնում ու վնասով ծախում. բա՛, մարիկս: Առաջվա տարիները լիներ, ինչո՞ւ չէ, почему не так, իհարկե, մի հնար կգտնեինք. բայց հիմա, կուրանամ, կույր ման գամ, թե սուտ եմ ասում` գործերս շատ վատ են:

Աղա, թե որ այդպես է, տունս գրավ վերցրու:

Ինչքա՞ն տամ:

Տուր հարյուր հիսուն մանեթ:

Դա շատ մեծ փող է. տունդ այդքան չարժե. ուզում ես հարյուր մանեթ կտամ: Հետո` քանի՞ տոկոս պիտի տաս:

Կտամ ամիսը մի կոպեկ:

Քիչ է. ուրիշից երեք կոպեկից պակաս չեմ առնում. բայց քո խաթեր համար, քանի որ ազգականս ես, երկու կոպեկ կառնեմ:

Դարձյալ դուռը ճռռաց և մի ուրիշ բեռնակիր ներս մտավ:

Աղան կնոջը ձեռքով արավ:

Աղջի՛, — ասաց, — հիմա ես ժամանակ չունեմ քեզ հետ օժիտի մասին խոսելու. գրավի օրինավոր թղթերը պատրաստի, երեք-չորս օրից հետո հանդիպե:

Կինը բան էր ուզում ասել, աղան խոժոռ նրան նայեց. խեղճի խոսքը շրթունքին սառեց: Վիզը ծռած, փեշով աչքերը սրբելով դուրս գնաց: Կարծես սիրտս, աղիքներս ժանգոտ ակիշներով չանգռեցին:

Աղա, — ասաց ներս մտնողը (տեսքից երևում էր, որ դա էլ ճարպիկ մարդ էր. գողի աչքերը չորս կողմն էր պտտեցնում). աղա՛, հա՛մ տասնութ հազար խսիր Վալյանին հանձնեցինք, հա՛մ էլ պահեստից քսաներեք հազարը ամբարներս դատարկեցինք:

Ընդունողը բան չասա՞ց, այսինքն, ուզում եմ հարցնել, թե` մեջերդ վեճ-բան չեղա՞վ, — ասաց աղան:

Խև՞ եմ, ի՞նչ է, որ դրան բերան բանալու ժամանակ տամ, — ասաց բեռնակիրը, պարծենալով, — ամենից առաջ դրան տարա Պառպոյի գինետունը, երաժշտությամբ, պարուհիներով լուսե-լուս հետը քեֆ արի. ամենաքիչը երեսունհինգ պունշ (ջերմօղի) խմեցրի. ամեն ինչ տեղովը եղավ. դրանից հետո էր, որ բաց արի ամբարները և սկսեցի հանձնել: Կհավատա՞ս, այդ հինգ հազար պարկի թրջված ապրանքն առաջին տեսակի տեղ գնաց. ամբողջ պաքսիմատը ապրանքի հետը խառնելուց զատ, մոտ հարյուր չափ էլ հող ու ավազ զարկի: Մինչև հիմի մարդը դեռ ուշքի չի եկել:

Նիչևո, մալադեց, — ասաց աղան:

Բա քու խրատներդ հեչ ես կմոռանա՞մ:

Աղան երեսն ինձ դարձրեց, ու ասաց. «Տեսա՞ր, մարդ ո՛րին կասեն. այսպիսի մարդիկ որ շատ լինեին` մեր քաղաքի բանը ոսկի էր: Թե չէ` մեկից-մյուսից ողորմություն մուրալուց, կամ ամբողջ կյանքում չը՛ք-չը՛ք-չը՛ք աշխատելուց խոշոր կապիտալ հեչ չի գոյանա: Աշխարհքը, ջանս, աչքաբաց մարդունն է. ուտիս ու պաս նայողի փորը միշտ վեց-վեց կանի. դա վաղուց փորձած բան է:

Աղան դարձավ բեռնակրին ու հարցրեց.

Բա պահեստի ապրանքն ինչպե՞ս դատարկեցիք մեր ամբարները:

Դա, հո, հեքիաթի պես բան էր, — ասաց բեռնակիրը, — մեկ որ` ո՛չ մի չափ չորս, հինգ անգամ փայտով չզարկած, ներս չտարանք, չափի փայտն էլ այս անգամ սաստիկ ծռած էր. յուրաքանչյուր չափի մեջ չորս մատ ավել էր մնում. դա հեչ. ամենածիծաղելին այն է, որ հիսունութը, հիսունիննը հաշվելուց հետո, նորից նոր քառասունից էինք սկսում. այսպես` ամեն մի հարյուր չափի մեջ. այնպես որ` մարդու ապրանքը համարյա կես արինք, հա՛, հա՛, հա՛...

Այդ էլ վատ չէ, — ասաց աղան: — Երևում է, որ մի օր դու քաղաքիս աղաների շարքը պիտի անցնես: Մարդ դարձողը տեսքից է երևում: Դրան առևտրական տաղանդ են ասում:

«Չէ, ասի մտքիս մեջը, տաղանդ չեն ասում, այլ խարդախություն ու սրիկայություն», բայց համարձակություն չունեցա բարձրաձայն ասելու. վախեցա, որ ազգասեր աղաները Արվեստական դպրոցը փակելու հարցը դումայի մեջ նորից կբարձրացնեն:

Բեռնակիրը գնաց: Քիչ հետո նորից բացվեց դուռը ու ներս մտավ հիսունհինգ-վաթսուն տարեկան մի մարդ. վրայի հագուստը շատ տեղ այրված էր, անգամ գլխի մազերը, ունքերը, արտևանունքները խանձված էին:

Ա՛յ տղա, Ասատո՛ւր, — ասաց աղան, — այս ի՞նչ է եղել քեզ. կրակի մե՞ջ ես ընկել, ի՞նչ է:

Ծեր մարդը, բերանը դեռ չբացած, պո՛մփ արավ, աղայի ոտներն ընկավ ու սկսեց մղկտալով լաց լինել:

Ամա՛ն, աղա, — ասաց, — դու էլ որ չհասնես, տնով-տեղով պիտի կորչեմ... Այս գիշեր տունս կրակ ընկավ. ինչպես որ կամ` այնպես դուրս եկա, ունիմ-չունիմս ամբողջը հեչ եղավ. երեկ լավ-գեշ ապրում էի, այսօրվա օրս կնոջով ու օխտը զավակով քաղաքիս վերջին աղքատը դարձա...

Այդ ինչպե՞ս եղավ. — հարցրեց աղան:

Ջանս, գիշերը կինս օջախ վառեց, ուզում էր բանջար տապակել. ինչպես է լինում, թավայի եղը բռնկում է. կինս իսկույն վազում է, թավայի կոթը բռնում է, որ օջախի վրայից իջեցնի, չա՛ր սատանա. թավայի կոթը նույնպես տաքացած է լինում, ու կնոջս ձեռքն այրում է. թավան ձեռքից ցած է ընկնում. բոցավառված յուղը թափվում է տաշեղով լիքը զամբյուղը` լվանալու համար հավաքված փոխնորդի վրա. մի րոպեի մեջ, — կնոջս պատմածն եմ ասում քեզ, — խոհանոցը լցվում է կրակ ու բոցով. կինս հանկարծակի ներս է վազում` «հրդե՛հ, հրդե՛հ... ջո՛ւր, ջո՛ւր» կանչելով, և ուշքը գնում է: Բանի էությունը չեմ հասկանում: Կնոջս վրա ջուր եմ լցնում, ճակատին, ականջների ետևը քացախ եմ քսում, նաշադիր եմ դնում քթին: Այդ միջոցին կրակն իր անելիքն անում է. բռնում է տանս առաստաղը: Ես դարձյալ բանից տեղյակ չեմ: Կինս հենց որ աչքերը բաց է անում, կանչում է. «Խոհանո՛ցը... հրդե՛հ... շուտ ջո՛ւր, ջո՛ւր»: Արդեն բանը բանից անցել էր, տունս ծխով է լցվում, երեխաներս «վա՛յ, վա՛յ» ճչալով դուրս են թափվում: «Պապա՛, հրդե՛հ» գոռում են դրսից: Իսկույն կնոջս ձեռներիս վրա եմ վերցնում, անցնում բոցերի միջով և հազիվ-հազ ազատվում եմ ողջ-ողջ այրվելուց: Տանիցս մի հատիկ ասեղ չեմ կարողանում ազատել, ամբողջն այրվում է, ու ես, այսօրվա օրս, քաղաքի ամենավերջին աղքատն եմ: Ամա՛ն, աղա, հիմա դու գիտես, վերևն Աստված, ներքևը` դու, ո՛չ տեր ունիմ, ո՛չ տիրական. տերս էլ դո՛ւ ես, տիրականս էլ դո՛ւ ես. ամբողջովին մերկ ընտանիքովս քու հույսով ենք մնացել ու քու ձեռքն ենք նայում...

Աղան մտածմունքի մեջ ընկավ. բավական ժամանակ լուռ մնաց, և ապա ասաց, — հա՛յ, մարըդ լամ, այսպես էլ բա՛ն:

Դարձյալ մի առժամանակ լռեց, ու նորից սկսեց.

Ա՛յ տղա, — ասաց, ես քեզի մի բան ասեմ: — Ասատուրը նրա բերանին նայեց այն հույսով, թե օգնության մի խոսք պիտի լսեր: Ճիշտն ասած, ես էլ այդպես կարծեցի:

Աղան ասաց.

Մեկ էլ որ թավա առնելու լինիս` չլինի թե երկաթի կոթովն առնես. դրա փայտե կոթովն էլ կա, ա՛յն առ. թե որ չգիտես էլ` հյուսներին շինել տուր, քանի՞ կոպեկի բան է որ, թե չէ` երկաթը շուտ է տաքանում և մարդու ձեռ է այրում: Այս մեկ: Քեզ տալու երկրորդ խրատս էլ այն է, որ կնոջդ պատվիրես` թավայի մեջը շատ եղ չդնի, որովհետև եղը, հալելուց հետո` կթափվի կրակի վրա և դժբախտություն կպատահի: Այս էլ քեզ երկրորդ խրատս: Երրորդ խրատս էլ այն է, որ տաշեղ ասած բանը միշտ օջախից հեռու պիտի պահես, որովհետև, Աստված չանե, մի կայծ մեջն ընկնի թե չէ, ամբողջը կբռնկի: Դեռ ուրիշ բան էլ պիտի ասեմ. մեկ էլ որ խոհանոց շինելու լինես` օջախի առջևը թիթեղ քաշի որմարդ է, աշխարհք էթե կրակ կամ կայծ ընկնի` տախտակը չայրվի: Բայց ամենալավն այն է, որ խոհանոց ասածդ տանդ մեջը չպիտի անես, այլ տանիցդ ամենաքիչը տասնհինգ-քսան գազ հեռու: Մեկ էլ` շատ վատ սովորություն է, որ մերոնք խոհանոցը փայտից ու տախտակից են շինում. աչքը սիրեմ աղյուսե խոհանոցի. հեչ կրակից չի վախենում: Հա՛, մոռացա ասել. պլիտա էլ որ շինելու լինես, տե՛ս պատահական վարպետի չկանչես. այստեղ մեկը կա, Յագոռ են ասում, ճիշտ է, շատ սրիկա մարդ է, բայց վառարան, պլիտա կամ փուռ շինելում վարպետ է շանորդին: Ահա քեզ իմ խրատս: Բայց դո՛ւ գիտես` ուզում ես կատարի, ուզում ես` մի՛ կատարի. այս որ ասում եմ, քո շահի համար եմ ասում: Իսկ ինչ վերաբերում է օգնելուն, ինչո՛ւ չէ, մենք էլ մեր կողմից մի բանով կօգնենք: Դու մի թուղթ պատրաստիր, տար աղաներին. ամենից վերջը մեզ էլ կբերես, մենք էլ, այստե՛ղ նայի, մեր կողմից, չափավոր մի բան կանենք: Դե՛, ինչպես որ ասի, այնպես էլ կանես:

Այդ բոլոր շատ լավ, — ասաց Ասատուրը, — բայց մինչև այդ թուղթ պատրաստելը, մինչև աղաների տները ման ածելը, ախր կինս յոթ զավակով մերկ ու բոբիկ, փորները քաղցած, բակի մեջտեղը, գետնին նստել են. ախր նրանց տուն պետք է, նրանց շոր պետք է, ուտել պետք է...

Գիտեմ, — ասաց աղան, — որ այդ ամենը պետք է, բայց ի՞նչ ես ուզում հասկացնել:

Հասկացնելս այն է, — ասաց Ասատուրը, — արդյոք դու մի լավություն չէի՞ր անի...

Մարդը դրանից ավելի չկարողացավ ասել, երևում էր, որ պատվով-նամուսով մարդ էր, ձեռք պարզելը դեռ սովորած չէր:

Աղան գնաց մյուս սենյակը. սեղանի դարակը շրխկացրեց, բացեց, փակեց, ու ետ եկավ. ձեռքին երկու հատ տասը կոպեկանոց կար:

Առ առայժմ սա, — ասաց ու քիթը-պռունկը ծռմռելով` տեղը նստեց:

Ասատուրը հիշյալ երկու տասը կոպեկանոցը ափի մեջ բռնածխելքը կորցրածի պես, վրան էր նայում: Հինգ րոպեի չափ ամենքս էլ լուռ էինք:

Ասատուրն ասաց.

Աղա՛, քսան կոպեկով ես ի՞նչ անեմ մերկ ու սոված ընտանիքիս:

Ինչ գիտես ա՛յն արա, — ասաց աղան, — ինչո՞ւ ես ինձ հարցնում, որ: Ի՞նչ է, ե՞ս եմ այրել քո տունը, ի՞նչ է:

Ես քեզ ասե՞լ եմ, որ դու ես այրել, — ասաց Ասատուրը:

Ապա այդ ավել-պակաս խոսքերդ ինչացո՞ւ են, — ասաց աղան խոժոռ:

Ասելս այն է, — խոսեց Ասատուրը, — դու որ չօգնես, ես տնով-տեղով պիտի կորչեմ. բայց եթե այս նեղ օրիս մի քիչ հասնես, ես նորից տունուտեղ կլինեմ, ձեռքիս վաստակով կամաց-կամաց կարգի կընկնեմ, ու մի օր էլ, անունդ օրհնելով, տված փողդ, առջևդ կդնեմ:

Դու առաջ հարցրու` ազատ փող ունե՞մ: Շատ բան` անունս հարուստ է ելել... դուք միայն մեր օգուտն եք հաշվում, վնաս արածներիցս էլ խաբա՞ր եք:

Աղա՛, վնա՞ս ես անում, թե օգուտ` չգիտեմ, դա ինձ համար մութն է. բայց գիտեմ, որ առաստաղից կախված այս մի հատ ջահի փողով մեզ պես մարդու տունը կշինվեր..

Հետո, ի՞նչ ես ուզում հասկացնել, — ասաց աղան աչքերը կկոցելով և հպարտ-հպարտ վրան նայելով:

Հասկացնելս այն է` դու էլ, որ մոտիկ ազգական ես, ինձ չօգնես, ապա ո՞վ պիտի օգնի:

Դե տե՛ս մեր հիմար խալխի դատմունքը, — ասաց աղան, խոսքն ինձ ուղղած. — մեղավո՞ր եմ, որ կարողացել եմ իմ ապրուստի համար երկու-երեք կոպեկ հավաքել. ես մեղավո՞ր եմ, որ խալխը պսակվում է, շատ երեխաներ է աշխարհ բերում ու ժամի դռան մուրացկանների թիվն ավելացնում...

Է՛հ, աղա՛, աղա՛, — ասաց Ասատուրը, — երկնքին Աստվածը ձեռքդ հնար էր տվել, որ դու երկրիս վրայի Աստվածը լինեիր, բայց ինքդ քեզ զոռով սադայել-սատանա ես դարձնում: Մնա՛ս բարով. ամո՛ւր պահի միլիոններդ. գուցե մի օր բախտավոր լինես. բայց այս րոպեիս, ինչպես տեսնում եմ, դու ինձանից հազարապատիկ անբախտ ես, որովհետև դու քո ունեցած փողիդ տերը չես, նա՛ է քո տերը, դու նրա գերին ես...

Ասաց ու գնաց:

Աղան դարձավ ինձ ու ասաց.

Տեսա՞ր մեր հայերի բնավորությունը. գնա՛ ու հիմա այսպիսի մարդկանց լավություն արա: Մարդու հետը նստում, ախպոր պես խրատներ եմ տալիս, աշխարհիս մեջ ապրել եմ սովորեցնում, ձեռքը փող եմ դնում, շնորհակալ լինելու տեղը` դեռ ինձ անիծում է: Ինչո՞ւ, որովհետև նրան ունեցած-չունեցածս չեմ տալիս ու ինքս իրեն պես չեմ աղքատանում: Չէ՛, ինչ ուզում ես ասա՛, մեր հայը կորչելու ազգ է. նրա արյունը ապականվել է: Հեչ չեմ հավատում, որ դրանից մի օր օրինավոր մարդիկ դուրս գան: Սրանց միջից պիտի փախչել, թե չէ գայլերի պես մարդու պատառ-պատառ կանեն: Միշտ զավակներուս խրատում եմ, որ իրենց հեռու պահեն այս փչացած, անօգուտ խալխից:

Մի քիչ լուռ մնալուց հետո, ասաց.

Դա հեչ, բայց գիտե՞ս, որ այսօր աղջկաս հարսնախոսության օրն է:

Դեռ խոսքը մարդու բերանն էր, որ մեկ էլ տեսնեմ` տունը լցվեց հագված-զուգված հյուրերով: Ջահերը, մեծ ու փոքր մոմերը, լամպերը վառվեցին, կատարյալ ցերեկվա լույս եղավ. կանանց, աղջիկների գլուխները, ականջները, կրծքերը արևի շողերի պես ցոլցլացին: Երաժիշտներն սկսեցին նվագել, երիտասարդներն ու աղջիկները` պարել. թեյ, օղի, կանֆետ, մուրաբա, տեսակ-տեսակ միրգ, խորտիկներ մեջտեղ եկան. տերտերներ ու տիրացուներ եկան, հարս ու փեսա դեմ-դիմաց կանգնեցին, մատանիներ օրհնեցին, նրանց մատերն անցկացրին. խնդում, ծիծաղ, պար, խմել-հարբել, գոռգոռոց, ուռաներ` ամեն ինչ, ամե՛ն ինչ կատարյալ էր:

Աղան երաժիշտներին անդադար նոր-նոր եղանակներ էր նվագել տալիս, ինքն էլ հետները երգում էր. նվագածուների գլխին փողը ջրի պես էր թափվում, տասնոցները, քսանհինգանոցները, հիսունանոցները, հարյուրանոցները աղայի ծոցից կարկտի պես դուրս էին թափվում և օխտ-օտարի գրպանը մտնում:

Հիմա իմացա՞ր իմ ինչ մարդ լինելս, — ասաց ինձ, — ահա՛ ես այսպես եմ. քեֆ, ուրախություն, փարթամություն` իմ շատ սիրած բաներն են: Շքեղության, ցուցանքի համար ես հեչ փող չեմ խնայում. իմ առատաձեռն, ողորմած լինելս աշխարհը գիտե. ես ուզում եմ, որ իմ անունը, իմ ազգանունը հավիտյանս-հավիտենից հիշվի ժողովրդի մեջ, աղա ասեն, աղա լսեն: Այս տունս, միջի կահկարասին, այս ապրուստս, այս քեֆերս կտեսնե՞ս, ես ուզում եմ, որ որդիքս, թոռներս, թոռներիս թոռները տարին տասներկու ամիս այսպես ապրեն քեֆ անեն, մարդկանց զարմացնեն և խալխի բերանից անպակաս լինի գովասանքը: Իսկ երբ մեռնեմ` հրամայել եմ, որ գերեզմանիս վրա մարմարե մի մեծ եկեղեցի շինեն, արտասահմանից բերած գերեզմանաքարիս վրա ոսկի տառերով անուն-ազգանունս ու կատարած գործերս գրեն, հարյուրավոր ու հազարավոր տարիներ գերեզմանիս առջև անշեջ կանթեղ վառվի, ամեն տարի տերտերները պատարագ անելիս անունս հիշեն ու օրհնեն, որ` քանի հայ ազգը կա աշխարհքիս վրա` անունս ու պատմությունս անմոռաց ու անմահ մնա նրա մեջ:

Աղա՛, — ասի, — այդ այդպես` բայց ես մի բանի չեմ հավանում. մեկ որ` քո վատ անունը խալխի բերանում խոսվում է, մեկ էլ որ` քիչ առաջվա տեսածներս, այսինքն` ծառաներիդ խարդախությունը և թշվառ-աղքատների հետ անխղճմտանք վարվելդ շատ գովական բաներ չեն: Ինչպե՞ս ես ուզում ժողովրդի մեջ լավ մարդու անուն թողնել, երբ գործերդ գովելու գործեր չեն: Ժողովուրդը մի՞թե կարող է գովել խարդախությունը, խաբեբայությունը, անխղճությունը, շռայլությունը:

Աղան կատաղեց:

Մեր քաղաքի մեջ ո՞վ պիտի հանդգնի ինձ գեշ ասել, ո՞վ է ինձնից մաքուր, ասա՛ մի տեսնեմ:

Ես լուռ մնացի, չկարողացա պատասխանել. որովհետև քաղաքիս մեջ լավի լավը շա՛տ, շա՛տ, շա՛տ հազվագյուտ է, բայց... վատից վատը ամեն քայլափոխիդ տասներով-քսաններով կգտնես:

Դատա՛րկ բան է, — ասաց աղան. — քանի սաղ ենք` քեֆներիս նայենք. մեռնելուց հետո` էն էլ այն ժամանակ կտեսնենք...

Խոսքը դեռ աղայի բերանն էր, որ մի մարդ հանկարծակի ներս մտավ: «Աղա՛, — ասաց, — մի կազախ տղա հարսիդ փախցրեց, Խարկով տարավ ու հետը կարգվեցավ»:

Աղան մնաց սառած:

Մի ուրիշ մարդ էլ մյուս դռնից մտավ. «Աղա՛, — ասաց, — փեսայիդ բանտը դրին, շուտով Սիպիր պիտի ուղարկեն, որովհետև կեղծ վեքսիլ է տարել բանկը ու փող է առել»:

Աղան, նրա տունը, հյուրերը, բոլորն անհետացան:

Տեսնեմ` շուկայումն եմ: Հեռվից, հազիվհազ քայլելով, մի աղքատ ծեր մարդ է գնում, կեղտոտ գդակով, մաշված, ձեթոտ, հին վերարկուով, փողքերը պատառոտած շալվարով, տասը տեղ կարկտած կոշիկներով, երեսը երկու շաբաթ չսափրած, քթախոտից սևացած թաշկինակի մեջ դրած մեկ, մեկ ու կես գրվանքա կարտոֆիլ և մի կտոր էլ լյարդ. սկզբում չիմացա ով լինելը, հետո լավ որ նայեցի, ճանաչեցի` հիշյալ աղան էր:

«Խե՛ղճ մարդ, — ասի, — ինչո՞ւ այդպես շուտ աղքատացավ»:

Այդ էլ անհետացավ:

Փողոցումն եմ: Մի ծեր տերտեր ու մի քնծռոտ տիրացու մեռել էին տանում: Մեռելի դագաղը կարգին սարքած էլ չէր. տախտակները մի կերպ գամած էին ժանգոտ մեխերով. դագաղի ետևից, սև ցնցոտիների մեջ փաթաթված, մի պառավ էր գնում. չորս աղքատ էլ տնքալով տանում էին դագաղը: Երբ հարցրի ո՞վ է, ասին թե` հիշյալ աղան է: Ես էլ մեռելի ետևից գնացի: Տարանք ու թաղեցինք Լուսավորչի գերեզմանոցը:

Այդ էլ անհետացավ:

Ես մի փոքրիկ տան մեջ եմ: Սև շորով մի ջահել կին (միտս եկավ, որ դրան աղայի տանը տեսել էի` աղջկան կարգելու համար փող ուզելիս), ամուսնուն ասաց.

Այ մարդ, ախր ես դուռ-դրկիցներից ամաչում եմ. խալխը անդադար երեսովս են տալիս, թե` քանի ժամանակ է աղայի մեռնելը, բայց դեռ վրան քար դրած չէ. ինչ էլ լինի` էլի մեր ազգականն է. մենք չհոգանք` ո՞վ պիտի հոգա. գնայիր Սուրբ Խաչ, մի քար կտրեիր ու բերեիր, դնեիր գերեզմանի վրա. հա՛մ հոգիներուս վարձք կլիներ, հա՛մ էլ խալխի լեզվից կազատվեինք:

Քարը դրվեց, միայն երկու հոգի լաց եղան աղայի գերեզմանի վրա. լացողներից մեկը այդ սև շորերով կինն էր, մյուս էլ այն խեղճ մարդը, որի տանը հրդեհ էր ընկել:

Դրանից անցավ հիսուն-վաթսուն տարի. գերեզմանը իջավ. քարի մի ծայրը հողի մեջ թաղվեց. աղայի անունը չհիշվելովչհիշվելով` մոռացվեց, որովհետև քարի վրա ոչինչ չէր գրած: Կովերը, խոզերը, շները գալիս էին ու...

...Մեկ էլ զգում եմ` սկսեցին ձեռքս թոթվել և բարձր-բարձր անունս տալ: Աչքս բանամ, տեսնեմ` տեր Մկրտիչն է. — Ինքնաեռը պատրաստ է, դե՛հ գնանք, թեյ խմենք, — ասաց. — քնե՞լ էիր, ի՞նչ է:

Դու մի ասի` այս բոլոր տեսածս երազ էր եղել:

ՓՈՌՍՈՒԽԻՆ ԱՎԱԳԸ

Իրավասու, հոգաբարձու, բամբասարանի անդամ և ճանապարհորդ

Հետո՛, — ասացի Փոռսուխ Ավագին, — վերջը-վերջը արժանի եղար այդ զագրանից116 ասած տեղերը տեսնելու: Հա՞, հա՛յ մայրդ լամ, Փոռսուխ Ավագ, արտասահման էլ գնացիր, հա՞:

Հա-պա չը-գը-նա-ցի՞, կաշին էլ քերթեցի. — ասաց Ավագը հորթային աչքերը թարթելով և հորթի պես խնդալով, այնպես որ բերնից լորձունք թափվեց և ճպռոտ աչքերը սեղմեցին ու ճիշտ պատռված սամսայի նմանեցին:

Հայ մայրդ լամ, Փոռսուխով, հետո՞, այդ արտասահման ասածդ ի՞նչ հող է. մեջը ապրող մարդիկ ի՞նչ տեսակ են, մերոնց նմանո՞ւմ են, թե՞ ուրիշ տեսակ բան ենՀա՛, մոռացա հարցնել, քանի՞ ամիս մնացիր այնտեղ:

Արտասահման մնացի, ջանս, ընդամենը երկու ամիս, մեկ ամիսը Վեննա անցկացրի. մյուս մեկ ամիսն էլ շրջեցի Փարիզ, Ստրասբուրգ, Ուլմ և շատ այդպես տեղեր: (Փոքր-ինչ լռելուց հետո): Հածե՛, ես ձեր խելքին ի՞նչ ասեմ, արտասահման որ ասում եք մի՞թե կարծում եք մի տարօրինակ բան է. այն բոլորը, ինչ որ տեսա, Աստված է վկա, մեր Ռոստովին չարժե: Այդ որ Ստրասբուրգ են ասում, կարծում եք թե մի չգտնվելիք քաղա՞ք է: Մեր Մեծ-Սալան117 տեսե՞լ ես, համարյա այդպես մի բան է. փողոցները նեղ, տները սեղմված, քիչ է մնում միմյանց վրա ելնեն, նեղվա՛ծք: Քաղաքի միջի ամենագլխավոր բանը նրա ուռնան է, նրա էլ հնարքը չտեսած մնացինք. ներկայացո՞ւմ էինչ հորս ցավն է, ժամը չորսին պիտի սկսեր, մենք էլ ժամանակ չունեինք մնալու, և այդպես էլ չտեսած մնացինք: Ուռնա որ ասում են, մի մեծ ժամացույց է. ասելուն նայելով` մեջը տեսակ-տեսակի ներկայացումներ են լինում: Երբեմն մեր փողոցներով չե՞ն ման ածում այն հայելիով արգանը, մեջը փայտե տիկնիկներ են խաղացնում. ահա այդ տեսակ բան է. չտեսնելուս համար էլ չզղջացի. փորս խո չէր կշտացնելու: Միջի (այսինքն Ստրասբուրգի) մարդիկն էլ վատուժ, ճռզած, փորները քաղցած... իհարկե. կերածները ինչ է որ...

Այդ ի՞նչ է ասածդ, Աֆանասիյ Յակուլիչ, մի՞թե ամբողջ աշխարհի գոված Եվրոպան ոչ մի լավ բան չունի, գուցե դո՞ւ չես տեսել:

Ո՞վ քեզ ասաց. ամեն տեղ շրջեցի, ամեն բան տեսա. շրջածս տեղ, չիմացած բանս չմնաց. բայց ինչ որ ասես` ամենը մեր տեղում կա. այնտեղ սկի այնպես բան չկա, որ կամ Նախիջևան կամ Ռոստով չլինի: Եվրոպայում ձիաքարշ կա: — Ռոստով էլ խո կա այդ բանը, այսօր-վաղը Աստուծով Նախիջևան էլ կլինի: Այնտեղ բուլվար կամենք էլ ունենք խո, չգտնվելու բան չէ որԱյնտեղ գազի լապտերներ կանՌոստով էլ խո կա. այնտեղ հագուստը և կտորները էժան ենՌոստով էլ խո պատրաստ հագուստ ծախում են և սկի էլ Եվրոպայից թանկ չէ. Ռոստովի Նովըյ-բազար գնացե՞լ ես, հրեաների փոքրիկ խանութները մտե՞լ ես, լավ ապրանքը այնտեղ էլ թանկ է, բայց Եվրոպա էլ էժան չէ: Հետո՞, էլ ի՞նչ մնաց Եվրոպայում զարմանալու բանՍակայն այստեղի եղածները այնտեղ ցերեկը լապտերով չես գտնիլ: Այնտեղ ո՞վ կտա քեզ մեր եղոտ, թաժա, կաթի պես մատղաշ ոչխարի միսը, ո՞վ կտա քեզ մեր բազարի կակուղ, տաք, էժան հացը. որտեղի՞ց պիտի գտնես մեր ասետրան. որ խաշած շոգարձակ, մեծ ափսեով բերում են, սեղանի վրա դնում, դու էլ այստեղ նայիր, կտրում ես վրայից մի մեծ կտոր, վրան մի լավ լիմոն քամում, ափսեիդ կողքին մանանեխ ու աղ դնում, առնում ես մեծ կտոր հացը` մեկդի քաշվում և սկսում քեզ համար ուտել. — ասաց Փոռսուխին Ավագը` բերնից ջրեր վազեցնելովփամի՛լըյ` ի՞նչ է քո ասածդ, Եվրոպան շատ հեռու է Ռուսիային հասնելու: Հաշվիր, որ երկու ամիս մնացի Եվրոպա, բայց չեղավ մի օր փորս կուշտ հաց, կամ միս, կամ այդ տեսակ բան տեսներ:

Աֆանասիյ Յակուլիչ, — ասացի, ասենք, որ հացի և մսի կողմից մեր տեղը Եվրոպայից լավ է, բայց մի՞թե այդ` աշխարհի գոված տեղը ոչ մի լավ բան չունի: Երբ որ այդպես է, ապա ինչո՞ւ Ռուսաստանից մարդիկ ամեն տարի հազարներով են վազում այնտեղ. իհարկե մի բան կա, որ ամենքը տեսնել են ուզում այդ Եվրոպա ասած տեղը:

Կա, ինչո՞ւ չէ, ամեն բանն էլ կա, միայն թե փող չխնայես. թատրոն էլ կա, մասկարադ էլ կա, ես ի՞նչ գիտեմբանկ էլ կա, պարտեզներ էլ կան, ամեն բան կա... է՛, հետո, այստեղ կամ Ռոստով չկա՞, ի՞նչ է... Համեցեք, որքա՞ն կուզես

Այնտեղի թատրոնը գնացի՞ր, տեսա՞ր, ինչպես է

Ես այդ տեսակ բաներ շատ չեմ սիրում, բայց մի երկու անգամ գնացի. գնալուս պատճառն էլ քեզ ասեմ: Ընկերս մի օր ինձ ասաց` «Հածե, Ավագ, — ասում է, — կուզես այսօր թատրոն գնանք, — ասում է, — նայենք, — ասում է, — այստեղի թատրոնը ի՞նչ տեսակ բան է, — ասում է»:

Չէ՛, չեմ ուզում, — ասացի, — ես քիչ կսպասեմ, հետո կքնեմ, — ասացի, — որովհետև կուշտ առլեքին էի կերել (հետո ես քեզ մանրամասն կպատմեմ, թե ի՞նչ տեսակ բան է այդ առլեքին կոչվող կերակուրը). քունս էլ շատ տանում էր: Ընկերս պնդեց — «դատարկ բան է քնելը, — ասաց, — հայդե, գնանք թատրոն, այնտեղից էլ հյուրանոց կերթանք, մի լավ ընթրիք կուտեցնեմ քեզ», — ասաց: Ընթրիքի անունը որ լսեցի, իսկույն քունս փախավ աչքիցս: Գնացինք: Ինչ մեղքս պահեմ, թատրոն որ մտանք և տեղներս նստեցինք թե չէ` ես խաղացողների վրա էլ չնայեցի, հանդիսականների վրա էլ, իմ խելքն ու միտքը ընկերոջս խոստացած ընթրիքի հետն էր. լուռ նստել եմ և ինքնիրենս միտք եմ անում, թե արդյոք ի՞նչ պիտի ուտենք, արդյոք մսեղենը շա՞տ կլինի, փորներս պիտի կշտացնե՞, թե՞ ափեղցփեղ, ջրալի, անհամ բաներ պիտի բերեն դիմացներս դնեն: Աստված վկա, սուտ չէ ասածս, մեր տեղի, այսքան փոքր տղան (ձեռքը գետնից կես արշին վեր է ցույց տալիս) նրանց մեծ մարդուց շատ է ուտում: «Помилуй братец мой» (ի սեր աստծո, եղբայր), նրանց կերածի չափ որ մեր դեղձանիկն ուտե, խաչը վկա, երկու օր չի քաշի կընկնի կսատկի: — Դիմացս էրիկմարդ, կինմարդ (խոսքը դերասանների վրա է) իրանց մեջ խոսակցում են, կանչվռտում, երգեր ասում, խաղում. մյուս կողմից էլ նայողները ծափ են զարնումսկի իմ փույթս չէ, վրաները նայել անգամ չեմ ուզում, ես մտքովս մեր տեղի կերակուրների հետ եմ: Մեկ միտքս է գալիս մեծ սուպնիկով ղաշըղբյորեկը, որ տաք-տաք ներս բերում վրայից էլ ծոթրինի հոտ է գալիս, մեծ քանակությամբ լեցնում ես խորունկ ափսեիդ մեջ և սկսում չծամած` լոփ-լոփ կուլ տալ, մեկ ափսեն վերջացրիր` իսկույն շերեփով երկրորդն ես լցնում, քաշում ես առաջդ: Հետո միտքս է գալիս մեր հարիսանվրան սոխառածը և մանրած շաքարը շա՛տ... Նրանցից էլ երկու անգամ ահագին կույտով դնում ես ափսեիդ մեջ, ուտում ես և չես կշտանում: Ապա մեր թարմ սամսա՛ն118, ապա շատ յուղով ձավարե փլա՞վը, ապա ձկնով կուպաթի՞ն119, ապա խաշած հնդկահա՞վը մանանեխով` դրա՞ն ինչ կասես, դրա՛նայդ կերակուրները ոչ միայն Եվրոպայի մարդը, այլև նրա թագավորը չէ տեսել: Հետո՞, այդ քաղցածնե՞րը մերինի հետ կռիվ պիտի բաց անեն, վա՛յ նրանց գլխին, մերը նրանց հում-հում կուտե, Աստված վկա` կուտե:

Այդ որ ասաց միտքս բան ընկավ.

Հա՛, — ասացի, — խնդրեմ ասա, տեսա՞ր եվրոպական զինվորները, ինչպե՞ս են:

Ապա չտեսա՞, ամեն բան տեսա, — ասաց Ավագը, — ավստրիացին` այն ոչինչ, բոլորը քաղցած, փորները ներս քաշած, վատուժ-նիհար բաներ են, ճիշտ սուդակ ձկան նման. ֆրանսիացունը, է՛հ, մի շատ էլ գովելու բան չէ. գերմանացունը, ճիշտ է, նրանցից քիչ լավ է, մերը, դու ի՞նչ ես ասում, ճիշտ արծիվ է մերը նրանց դիմաց: Մերը հաճարի հաց է ուտում, մերը կաշա է ուտում, վրայից էլ կվաս խմում. դու հաճար-հացի հետ կատակ մի անիլ. հաճարի հացն ու կաշան մարդուն առյուծի ուժ է տալիս: Եվրոպայի զինվորի կերածը ի՞նչ է որթղթի պես բարակ մի կտոր հաց. մեկ բուռ էլ մաղադանոսեղավ գնաց. երբեմն էլ սիսեռի կալբասեն են տալիս, հետո՞, դրանով մարդու փո՞ր կկշտանա: Աստվածդ սիրես, եթե մարդ չուտե, վրայից էլ լավ չխմե, ուժը որտեղի՞ց կգա:

Следующая страница